Հայաստանի հավաքականը կմրցի աֆրիկյան ստրուկների սերնդի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սենտ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանում: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայ ֆուտբոլասերը հավանաբար առաջին անգամ է լսում Սենթ Քիթս և Նևիս անունով երկրի ինչպես նաև ֆուտբոլի ազգային հավաքականի գոյության մասին: Սենթ Քիթս և Նևիսը պետություն է Կարիբյան ծովի համանուն կղզիներում՝ Փոքր Անտիլյան կղզիների Հողմակողմ կղզեախմբում։ Կղզիների բնակիչները եվրոպացիների և աֆրիկյան ստրուկների (նեգրեր) սերունդներն են։ Պետության տարածքը 261 քմ², բնակչությունը՝ 49 898: Սենտ Քիթս և Նևիսի ազգային հավաքականը հանդես է գալիս Կոնկակաֆ գոտում և պատկերացրեք այս պահին ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում գերազանցում է Հայաստանի հավաքականին: Մեր առաջիկա մրցակիցը 77-րդն է իսկ Հայաստանը՝ 82-րդը: 2016 թվականին Սենտ Քիթս և Նևիսն անց է կացրել 5 պաշտոնական եւ երկու ընկերական հանդիպում: Մասնավորապես Սենտ Քիթս և Նևիսին հաջողել է հաղթել Արուբային, Բերմուդային, Անտիգուա եւ Բարբուդային, Սուրինամին: Միակ պարտությունը Հայաստանի հավաքականի մրցակիցը կրել է Հաիթիից զիջելով 2:0 հաշվով: Սենտ Քիթս և Նևիսը մրցել է նաև եվրոպական հավաքականի հետ ընկերական խաղում ոչ-ոքի 1:1 խաղալով Էստոնիայի ազգային թիմի հետ: 2015 թվականի նոյեմբերին Սենտ Քիթս և Նևիսը Տալլինում 3:0 հաշվով զիջել է էստոնացիներին այնուհետեւ Անդորրայում 1:0 հաշվով առավելության հասել այս երկրի ազգային հավաքականի նկատմամբ: Հունիսի 10-ին Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի հանդիպումն է անցկացնելու, մրցակցի հարկի տակ հանդիպելով Մոնտենեգրոյի հավաքականին: Սենտ Քիթս և Նևիսի հետ մրցավեճը փաստորեն, ընտրական հանդիպումից առաջ կլինի ուժերը ստուգելու միջոց: Սովորաբար պաշտոնական հանդիպումներից առաջ ստուգողական խաղ անցկացնելու համար ընտրվում է այնպիսի հավաքական, որը խաղաոճով մոտ է հիմնական մրցակցին: Մարտի 26-ին մեր հավաքականը Երեւանում ընտրական հանդիպում է անցկացնելու Ղազախստանի հետ: Տվյալ խաղից առաջ ուժերը ստուգելու համար Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը մրցակից էր ընտրել Ուզբեկստանին, որը խաղաոճով մոտ է Ղազախստանին: Հայտնի պատճառով Ուզբեկստանի ընտրանու հետ մրցեց ոչ թե Հայաստանի հավաքականը, այլ «Ալաշկերտը» հաղթելով՝ 2:0 հաշվով: Տրամաբանության համաձայն Սենտ Քիթս և Նևիսը պետք է խաղաճով մոտ լիներ Մոնտենեգրոյին: Կարծում ենք բոլորի համար պարզ է, որ եվրոպական գոտու և Կոնկակաֆի հավաքականները խաղաոճով միանգամայն տարբեր են: Թե ինչու է այսպես ասած «սպարինգ մրցակից» ընտրվել հենց Սենտ Քիթս և Նևիսը դժվար է ասել: Կարելի է ենթադրել միայն, որ եվրոպական հավաքականները ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպում անցկացնելու այդ օրվա համար վաղուց արդեն գտել էին համապատասխան մրցակիցների: Ընկերական խաղերում նորմալ մրցակից գտնելը եւ ընդհանրապես ստուգողական հանդիպումներ անցկացնելը տարիներ շարունակ Հայաստանի հավաքականի համար խնդիր է: Վերջին հինգ տարիներին՝ մասնավորապես 2012 թվականի փետրվարից ի վեր Հայաստանի ազգային հավաքականը եվրոպական հավաքականների հետ ընդամենը չորս ընկերական հանդիպում է անցկացրել: Մերոնց մրցակիցներն են եղել Ռուսաստանի, Գերմանիայի, Լատվիայի և Բելառուսի հավաքականները: Նախորդ ընտրական փուլի Ֆրանսիայի հետ երկու հանդիպումները չի կարելի է որակել ընկերական, քանզի այս հավաքականը դե ֆակտո մասնակցում էր խմբային փուլին: 2013 եւ 2015 թվականներին Հայաստանի ազգային հավաքականն ընդհանրապես ոչ մի ընկերական հանդիպում չի անցկացրել: 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո եվրոպական գոտում ընկերական հանդիպումը ըստ էության կվերանան: Կմեկնարկի Ազգերի լիգան, որի շրջանակներում հավաքականները առնվազն 4 հանդիպում կանցկացնեն: