Մխիթարյանը պատռեց մրցակցի առանցքը…

Մխիթարյանը պատռեց մրցակցի առանցքը…

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տարավ՝ պայքարից դուրս թողնելով «Բլեքբուրնին»: Հանդիպումների հագեցած գրաֆիկի պատճառով Ժոզե Մոուրինյոն մեկնարկային կազմում չէր ընդգրկել թիմի լավագույն ռմբարկու Իբրահիմովիչին և կենտրոնական կիսապաշտպան Պոգբային, ինչպես նաև աջ պաշտպան Վալենսիային: Խաղադաշտ դուրս բերելով համեմատաբար ավելի թույլ կազմ՝ Մոուրինյոն խաղը կառուցել էր ենթահարձակվող Հենրիխ Մխիթարյանի միջոցով: Նշենք, սակայն, որ հանգամանքների բերումով Մխիթարյանը ստիպված եղավ խաղալ նաև կիսապաշտպանության կենտրոնում, նույնիսկ խորքում: Բաց թողած գոլից հետո մեր ֆուտբոլիստն իր վրա վերցրեց խաղը բեկելու պատասխանատվությունը և այն կատարեց պատվով: Ինչ խոսք, «Բլեքբուրնը» կարգով ցածր է «Յունայթեդից», բայց հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ գավաթային մրցավեճերում ավելի ցածր դիվիզիոնների ներկայացուցիչները ֆավորիտների դեմ առանձնակի նվիրումով են խաղում: Գավաթի խաղարկությունը այդ թիմերի համար լավ հնարավորություն է հեղինակությունը բարձրացնելու համար: «Բլեքբուրնը» խաղում էր սեփական հարկի տակ և խաղի սկզբից ճնշում գործադրելով՝ փորձում էր տիրել նախաձեռնությանը: Կարելի է ասել, որ նման մարտավարությունը կարող էր իրեն արդարացնել, եթե չլիներ Մխիթարյանի փայլուն գոլային փոխանցումը: Հանդիպումից հետո «Մանչեսթեր»-ի երկրպագուների շարքերում քննարկման գլխավոր թեման ոչ թե խփված գոլերն էին կամ նրանց հեղինակները, այլ Հայաստանի ազգային հավաքականի ավագի փոխանցումը: «Մխիթարյանը կատարած փոխանցումով ուղղակի պատռեց մրցակցի առանցքը: Ռեշֆորդը վրիպելու իրավունք ուղղակի չուներ: Եթե չլիներ այս փոխանցումը, հնարավոր է՝ խաղը տխուր ավարտ ունենար»,- թվիթերյան ֆորումում գրել է Պաոլո Կ. օգտատերը: Ըստ էության խաղային այս դրվագը բեկումնային դարձավ: Մրցակցի ճնշման հետևանքով հետակետային դիրքում Կարկին և Էրերան հիմնականում զբաղված էին գրոհները կասեցնելով, իսկ եզրերից գործող Լինգարդն ու Մարսիալը մոլորված լինելով դաշտում՝ առանձնապես չէին անհանգստացնում մրցակցին: Առկա իրավիճակում հայ ֆուտբոլիստը շարունակ տեղաշարժվում էր՝ գնդակ մատակարարելով կիսապաշտպաններին և Ռեշֆորդին: Ուշադրություն դարձնենք գոլային փոխանցմանը նախորդող Մխիթարյանի առաջխաղացմանը: Տուգանային հրապարակի մատույցներից նրա արագ անցումը անակնկալի բերեց մրցակցի խաղացողներին, որոնք ուղղակի չհասցրեցին վերադասավորվել: Ի դեպ, հանդիպման ընթացքում Մխիթարյանը կատարել է 66 ճիշտ փոխանցում, 7 անգամ շրջանցել է մրցակցի խաղացողներին և, որ ամենակարևորն է, հաղթել է բոլոր միկրոմենամարտերում՝ ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով՝ նա ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Բացի Մխիթարյանից՝ այս խաղում աչքի ընկավ նաև Էշլի Յանգը, ով հազվադեպ է հայտնվում «Յունայթեդի» մեկնարկային կազմում: Աջ եզրում նրա գործողությունները սրություն էին հաղորդում գրոհներին: Ինչ վերաբերում է երկրորդ խաղակեսի միջնամասում խաղադաշտ դուրս եկած Իբրահիմովիչին և Պոգբային, ապա երկու թիմերի հոգնածության ֆոնին նրանց կատարողական բարձր վարպետությունը տվեց իր արդյունքը: Եթե «Յունայթեդը» խաղը շահելիս լիներ, կարծում ենք՝ Մոուրինյոն նրանց խաղադաշտ դուրս չէր բերի, քանզի ընդամենը երկու օր հետո անգլիական թիմը Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչում պատասխան հանդիպում է անցկացնելու «Սենտ Էտյենի» հետ: Ամեն դեպքում ուժերի համեմատաբար փոքր կորուստով Մոուրինյոյին հաջողվեց հաղթահարել նաև «Բլեքբուրնի» արգելքը: Ի դեպ, վիճակահանության արդյունքով՝ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդին» բաժին է հասել Լոնդոնի «Չելսին»: Հանդիպումը կկայանա մարտի 10-13-ն ընկած ժամանակահատվածում: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Մոուրինյոյի թիմը Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ մրցավեճը կանցկացնի «Սաութհեմփթոնի» հետ: