Մոսկվան մեծացնում է ճնշումը. Սերժ Սարգսյանը կարող է մնալ 2018-ից հետո

Մոսկվան մեծացնում է ճնշումը. Սերժ Սարգսյանը կարող է մնալ 2018-ից հետո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: - Պարոն Կիրակոսյան, իմ առաջին հարցը Հայաստանի նախընտրական գործընթացների մասին է: Կուսակցությունների և քաղաքական գործիչների մեծ մասը, կարծես, միայն քաղաքական առևտրով են զբաղված՝ փորձելով գտնել հարմար դաշինք՝ առաջնորդվելով զուտ Ազգային ժողով մտնելու նպատակով, առանց որևէ սկզբունքի, գաղափարական կամ ծրագրային ընդհանրության: Այս իմաստով՝ ի՞նչ եք ակնկալում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից, որո՞նք են այս ընտրարշավի դրական և բացասական կողմերը: Շատ փորձագետներ ասում են, որ սա կարող է լինել նորանկախ Հայաստանի պատմության ամենաապաքաղաքական ընտրությունը: - Մի կողմից, ինչ տեսնում ենք մինչև ապրիլյան խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի պաշտոնական մեկնարկը, մի շարք դաշինքներ և կուսակցություններ փորձում են դիրքավորվել: Կան որոշ անակնկալներ և ուշագրավ զարգացումներ: Հետաքրքիր է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես դաշինք չի կազմում նախկին «Օրինաց Երկիր» կամ Դաշնակցություն կուսակցությունների հետ և միայնակ է մասնակցելու ընտրություններին՝ նպատակ ունենալով պահպանել մեծամասնությունը Ազգային ժողովում: Երկրորդ հետաքրքիր դիտարկումը դրական բնույթ ունի: Նկատի ունեմ նոր ընդդիմադիր դաշինքի՝ «Ելքի» ի հայտ գալը, որը կազմված է ավելի դրական, ավելի լուրջ և նոր ընդդիմադիր կուսակցություններից՝ ներառյալ «Լուսավոր Հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանրապետությունը»: Սա արտացոլում է որոշակի փոփոխություն քաղաքական դաշտում այն իմաստով, որ այսուհետ կառավարությանը մարտահրավեր է նետում նոր ընդդիմադիր ուժ, ոչ թե միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակազրկված կուսակցությունը կամ մյուս ուժերը: Երրորդ հանգամանքը, որը անակնկալ է, բացասական է: Դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձն է քաղաքականություն և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի և «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև դաշինքի ձևավորումը: Ծառուկյանի վերադարձը, իշխող կուսակցությունից նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ուխտադրժորեն դուրս գալը և վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականը նշանակում են, որ նրանք կարող են լինել «ջոկեր» կամ անկանխատեսելի խաղացող ընտրություններում, այսինքն՝ եթե իշխող Հանրապետական կուսակցությունը հաշվարկ էր անում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա՝ որպես անվանական կամ հաստիքային կուսակցության, որը նախագծված է իրական ընդդիմությունից ընդդիմադիր ձայները փախցնելու համար, ապա հիմա իշխանության այդ վստահությունը կասկածի տակ է, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» այժմ կարող է ավելի հակված լինել մարտահրավեր նետելու Հանրապետական կուսակցությանը: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը միտված է միայն ավելի բարդացնելու քաղաքական դաշտը՝ առանց իշխանությանը մարտահրավեր նետելու որևէ լուրջ ջանքի և որևէ իրական քաղաքական գաղափարախոսության: Սա ավելի շատ ապակառուցողական է, քան կառուցողական: Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես նշեցիք, գաղափարախոսությունների բացակայությունը մի խնդիր է, բայց մյուս կողմից՝ սա, դժբախտաբար, առաջվա պես անձերի և ոչ թե քաղաքականությունների մրցակցություն է: Կարծում եմ՝ հայ ընտրողը ավելի լավին է արժանի: - Ի՞նչ շանսեր ունի «Ելք» դաշինքը ընտրություններում: - Կարծում եմ՝ նոր, թարմ ընդդիմադիր ուժը, որը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի» և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության շուրջ, հեշտությամբ կհաղթահարի անցողիկ շեմը և կանցնի խորհրդարան: Եվ հետաքրքիրն այն է, որ ի տարբերություն շատ այլ ուժերի՝ նրանք կարողացան մի կողմ դնել իրենց էգոն կամ անձնական նկրտումները և կազմել թեկնածուների միասնական ցուցակ այն գաղափարով, որ սա պետք է լինի մեկ միասնական ընդդիմադիր բլոկ նոր խորհրդարանում: Նրանք կունենան բավարար պատգամավորական աթոռներ կառուցողական խորհրդարանական ուժի դեր խաղալու համար, և շատ առումներով նրանց նպատակները ավելի իրատեսական են, քան, օրինակ, Հայ ազգային կոնգրեսի՝ նախկինում տված ոչ իրատեսական խոստումները: «Ելքը» չի հայտարարում, թե փոխելու է իշխանությունը, չի ձգտում հաղթել ընտրություններում և կազմել ճնշող մեծամասնություն խորհրդարանում, այլ հետապնդում է ավելի իրատեսական նպատակներ՝ ձգտելով հիմնել ավելի փոքր, բայց կառուցողական ընդդիմություն նոր խորհրդարանում: Այն աշխատելու է բարելավել կառավարման խորհրդարանական մոդելը: Հետևաբար, տեսնում ենք, որ անցումը կառավարման խորհրդարանական մոդելին երկու օգտակար կողմ ունի: Առաջինը, սա կստիպի խորհրդարանին ավելի շատ գործել խորհրդարանի պես՝ մեծացնելով իր վերահսկողական դերակատարությունը, իր ձեռքը վերցնելով քաղաքական գործընթացների ձևավորման առաջնորդությունը: Երկրորդը, սա ավելի է դժվարացնում, ավելի քիչ հավանական է դարձնում ապագայում ուժեղ գործադիր ղեկավարի վերադարձի հնարավորությունը: - Իսկ ովքե՞ր կլինեն «Ելքի» ընտրողները, հավանաբար ավելի շատ եվրոպամետ կամ ազատական հայացքներ ունեցող մարդի՞կ: - Ոչ, ոչ: Եթե հետ նայենք ոչ վաղ անցյալին՝ ապրիլյան կռիվները, հուլիսյան իրադարձությունները կամ նույնիսկ «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունները 2015-ի ամռանը, կտեսնենք, որ մարդկանց դժգոհությունը քաղաքական  այլընտրանքների բացակայությունից շատ մեծ է և խորը, բայց դժգոհության այս մակարդակը նաև թերագնահատվում է կառավարության կողմից, ուստի կարծում եմ՝ առաջացել էր նոր քաղաքական դեմքերի պահանջարկ, այո՛, եվրոպամետ հակումներով: Բայց եթե ավելի իրատեսորեն նայենք, սա ո՛չ եվրոպամետ և ո՛չ էլ ռուսամետ հայտ ներկայացնող ուժ է, սա հայամետ ուժ է: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ «Ելքը» իսկապես առողջ և թարմ այլընտրանք է: - Վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում տեսանք որոշ միտումներ, որ իշխող կուսակցության որոշ առանցքային դեմքեր, օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը, դուրս են գալիս Հանրապետական կուսակցությունից: Այս գործընթացը կարո՞ղ է դուրս գալ Սերժ Սարգսյանի վերահսկողությունից: Իշխանությունից դուրս եկած օլիգարխները կարո՞ղ են մարտահրավեր նետել իշխող ուժին: - Ոչ, չեմ կարծում, թե այդպես կլինի: Մի կողմից, Հանրապետական կուսակցությունից որոշ գործիչների դուրս գալը իսկապես անակնկալ էր, և սա ընդհանուր առմամբ դրական զարգացում է, որովհետև սրանք այնպիսի դեմքեր են, որոնց որևէ կուսակցություն չի ուզենա ուրախությամբ ընդունել նրանց իր շարքերում կամ լրջորեն վերաբերվի նրանց, այնպես որ սա դրական զարգացում է Հանրապետական կուսակցության համար: Ամեն դեպքում սա անսպասելի ու անակնկալ զարգացում էր: Այս մարդիկ երևի թե ավելի շատ սազում են «Բարգավաճ Հայաստանին»՝ Բեռլուսկոնիի, Թրամփի ոճի «աութսայդերական» կուսակցության, որն առաջնորդում է օլիգարխը: - Ո՞րն է լինելու ՀՀԿ-ի գլխավոր խաղաքարտը այս ընտրություններում կամ հաղթելու գրավականը: - Ակնհայտորեն իշխանական լծակներ ունենալու առավելությունը, այսպես ասած՝ վարչական ռեսուրսի օգտագործումը: Հանրապետական կուսակցությունը, որպես կառավարություն ձևավորած ուժ, շատ ցածր տնտեսական ցուցանիշներ է ցույց տվել, քաղաքական դաշտը բևեռացված է, իշխող ուժն ունի լեգիտիմության պակաս, չունի հանրային վստահություն, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն ապրիլի ընտրություններին իր հույսը պիտի դնի ունեցած իր առավելության ու լծակների վրա: Այս համատեքստում պետք է նշենք, որ Հայաստանի գործող վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, որը նախորդ տարվա սեպտեմբերին նշանակվեց այդ պաշտոնում, որոշ չափով արդյունավետ է գործել իշխող կուսակցությանը «փիառ» անելու ուղղությամբ՝ ասելով ճիշտ բաներ, բայց չկարողանալով դրանք կյանքի կոչել: Վարչապետն այսօր ավելի մարգինալ է, քան երբևէ, և իր ապագան ևս հարցականի տակ է: ՀՀԿ-ի համար սա նշանակում է, որ սկսվել է լուրջ անցումային փուլ, որում իր վստահությունը փոքր-ինչ վտանգված է: - Նախորդ հարցազրույցներից մեկում խոսելով Կարեն Կարապետյանի նշանակման մասին՝ Դուք ասացիք, որ վարչապետի պաշտոնում Կարապետյանի նշանակումը պարտադրվել է Սերժ Սարգսյանին Մոսկվայի կողմից: Այսօր քաղաքական որոշ գործիչներ և ակտիվիստներ, հատկապես «Սասնա ծռեր» շարժմանը կամ «Նախախորհրդարանին» հարող մարդիկ, զարգացնում են այս վարկածը: Մասնավորաբար, Վարուժան Ավետսիյանը, որն այժմ անազատության մեջ է, հայտարարեց, թե «Մոսկվան փոխում է Հայաստանի գաղութային վարչակազմի պարագլխին», և այդ «պարագլուխը» լինելու է Կարեն Կարապետյանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը: - Ես բացարձակապես համամիտ չեմ: Ռուսաստանը արձագանքեց հուլիսյան անկայունությանը և ապրիլյան իրադարձություններին՝ ավելի ուղղակիորեն միջամտելով Հայաստանի ներքին գործերին: Թեև դա ճիշտ է, որ Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու որոշումը Հայաստանի նախագահին պարտադրված քայլ էր, և ինչպես ասացի՝ դա Մոսկվայի արձագանքն էր ապրիլյան և հուլիսյան դեպքերի, այնուամենայնիվ, սա չի նշանակում, թե Մոսկվան փորձում է թուլացնել, առավել ևս՝ փոխել իշխանության ղեկավարին: Սա ավելի շատ արտացոլում է Ռուսաստանի՝ ավելի անմիջական և ուղղակի միջամտությունը Հայաստանի ներքին քաղաքականությանը: Բայց ավելի էական է այն, որ Ռուսաստանը, ինչպես տեսնում ենք, սկսել է աջակցել «Բարգավաճ Հայաստանին» և նույնիսկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Ռուսաստանը, կարծես, փորձում է առավելագույնի հասցնել ճնշումը Հայաստանի գործող իշխանության վրա`փորձելով ոչ թե ստանալ այս ուժերի աջակցությունը, այլ ավելի խորությամբ վերահսկել Հայաստանի կառավարությունն ու իշխանությունը և ազդեցություն ունենալ գալիք խորհրդարանի վրա: - Մամուլում շատ ենք կարդում որոշ տեղեկություններ այն մասին, թե Սերժ Սարգսյանը իրականում այնքան էլ գոհ չէ Կարեն Կարապետյանի նշանակումից: - «Գազպրոմ» ընկերությունում իր պաշտոնը թողած և Մոսկվայից Երևան ժամանած Կարեն Կարապետյանը այնքան էլ ցանկալի անձ չէր, բայց նախագահ Սարգսյանը կարողացավ շատ հաջող կերպով օգտվել իրավիճակից և վարչապետի հանրային դրական ընկալումից և բարելավել իշխանության հեղինակությունը՝ փորձելով վերականգնել հանրության վստահությունը իշխանության հանդեպ: Բայց մյուս կողմից, ինչպես նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դարձավ շատ հարմար քավության նոխազ նախագահի համար, այնպես էլ նույնը կարող է լինել Կարեն Կարապետյանի հետ: Վարչապետին կարող են քաղաքական հարմար պահին շատ հեշտությամբ մեղադրել ոչ բավարար բարեփոխումներ իրականացնելու համար: - Ուրեմն որքանո՞վ է այսօր հստակ հարցը, թե ո՞վ է լինելու իշխանության ղեկին 2018-ից հետո: - Հստակ է այն, որ ԱԺ ընտրություններից հետո իշխող Հանրապետական կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կստանա մեծամասնություն խորհրդարանում, և պարզ է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում նախագահ Սարգսյանն է ուղղորդելու և ղեկավարելու կառավարությունն ու պետությունը: Այլ խոսքերով՝ դեռ մեկ անցումային տարի կա, մինչև որ նախագահի ինստիտուտը կդառնա զուտ խորհրդանշական պաշտոն, և ողջ իշխանությունը կկենտրոնանա վարչապետի ձեռքում: Տարածված մտավախություն կա մարդկանց շրջանում, որ նախագահ Սարգսյանը կփորձի 2018-ին՝ նախագահի իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Եվ չնայած նախկինում իր կողմից տրված խոստումներին և արված քաղաքական հաշվարկներին՝ այժմ այդ սցենարը գնալով ավելի հավանական է թվում, ինչը նաև նշանակում է, որ միայն կմեծանա բևեռացման և պառակտման աստիճանը Հայաստանի հասարակության ներսում և քաղաքական դաշտում: