Ամենավտանգավորը քաղաքական տրնգի պարողներն են. ՀԱԿ-ի պատասխանը Արթուր Բաղդասարյանին

Ամենավտանգավորը քաղաքական տրնգի պարողներն են. ՀԱԿ-ի պատասխանը Արթուր Բաղդասարյանին

Ամենավտանգավորը նրանք են, ովքեր ոչ թե սովորական, այլ քաղաքական տրնգի են պարում։ Այդ մասին մեզ հետ զրույցում նշեց ՀԱԿ-ի անդամ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադևոսյանը՝ անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատու էին այն մարդիկ, որոնք Ազատության հրապարակում տրնգի էին պարում։ «Արթուր Բաղդասարյան արարածի կողմից նման բնութագրեր ու մեկնաբանությունները տալը ոչ տարօրինակ է, ոչ էլ զարմանալի, որովհետև նա տեղավորվում է միայն տարօրինակ կոչվող բնութագրի մեջ։ Նա դա հաղթահարել չէր կարող, որովհետև դա երևի իր կենսակերպն է, դաստիարակությունն ու մարդու տեսակը։ Խնդիրն այն է, որ տրնգի պարելը երբեք էլ ամոթ չէ և ամբողջ աշխարհում, եթե  խաղաղ ցույցեր իրականացնող մարդիկ պարում են, դա միայն ոգևորություն, փոխադարձ սեր, հարգանք և մտերմություն է առաջացնում։ Դա երբեք չի կարող զենքի օգտագործման կամ ջարդի պատճառ դառնալ»,- ասաց նա։ Զոյա Թադևոսյանի խոսքերով՝ ամենավտանգավորը նրանք են, ովքեր քաղաքական տրնգի են պարում. «Այդ դեպքում նրանք մարդկությանը կամ իրենց հավատացողներին ենթարկում են խիստ վտանգների, ինչպես վարվեց այդ անձը, երբ հրապարակում սկզբում հայտարարեց, որ իր դեմ Սերժ Սարգսյանը մահափորձ է պատրաստում, ապա իր մեջ կարողացավ «ուժ գտնել» և այդ մարդասպանի հետ գնալ կոալիցիայի։ Նա ուզում է հասարակությանը շեղել այդ իրողությունից, որ այն ժամանակ բռնի ուժով իշխանությունը զավթած մարդու հետ կոալիցիա կազմելուց հետո թևեր տվեց այդ մարդուն, որպեսզի ժողովրդի դեմ ուժ գործադրի։ Հիմա քաղաքակա՞ն տրնգին է վտանգավոր, թե՞ սովորական տրնգին, որը զուգորդվում էր քոչարիով և մնացած հայկական պարերով»,- ընդգծեց Զոյա Թադևոսյանը։ Դիտարկմանը, թե փաստորեն նման հայտարարությամբ Արթուր Բաղդասարյանը փորձում է իր վրայից գցե՞լ պատասխանատվությունը իր կատարած քայլերի համար, ՀԱԿ անդամն արձագանքեց. «Բայց նա ո՞վ է, որ պատասխանատվություն վերցնի, ինքն այդքան չկա, որ իր վրա պատասխանատվություն վերցնի։ Թող գնա նստի, շարունակի ջեմ պատրաստել, որ կարողանա մի բան բաժանել ընտրողներին։ Ուրիշ ասելիք ու տալիք նա չունի հասարակությանը»։ «Ես գնահատում եմ մարդու այն տեսակը, որն իր սկզբունքայնությունը պահելու համար կրում է վնասներ՝ բարոյական, նյութական, և այլ։ Մարդը պետք է սկզբունքային լինի և աշխատի օգտագործել այնպիսի կերակրատեսակներ, որոնք հիշողության վրա էական ազդեցություն չի թողնում, այսինքն՝ մարդը չի կորցնում հիշողությունը և մոռանում մեկ ամիս, մեկ տարի կամ ավելի առաջ ասված խոսքերը և տրամաբանորեն լրիվ հակառակ մտքեր ասում։ Այդ անձնավորության մասին իմ ասածների հետ հաստատ կհամաձայնի հասարակության 90 տոկոսը, ես վստահ եմ։ Ես վստահ եմ նաև նրանում, որ կաշի քերթող, աչք հանող տեսակից պետք է հեռու մնալ։ Եթե նա կաշի քերթող, աչք հանող և այլ ձևերով սպառնացող է, ապա թող հիշի, որ իրենք այդ բառապաշարն օգտագործում են մեկ նկատառումով, որովհետև իրենք են վախենում։ Երբ մարդը վախկոտ է, երբ մարդն ասելիք չունի, ուզում է իր սահմաններից դուրս գալ և բառապաշարը տեղափոխել քաղաքականից դուրս։  Ես իհարկե, մեծ ճիգեր եմ գործադրում, որ ընդհանրապես այդ անձնավորության մասին խոսեմ։ Նա իմ տեսադաշտից դուրս գտնվող մեկն է, որը ո՛չ ինձ մրցակից է, ո՛չ էլ մեկն է, որին արժե հիշատակել։ Սովորաբար ուժեղ մարդկանց մասին են կարծիք հայտնում, իսկ այդ տեսակին պարզապես արհամարհում են։ Ես կոչ եմ անում հասարակությանն արհամարհել այդ տեսակին»,- եզրափակեց Զոյա Թադևոսյանը:   Լուսանկարը՝ Photolure-ի