Սիրիայի նախագահը խոսել է ահաբեկչության դեմ պայքարում ծավալվող զարգացումների մասին

Սիրիայի նախագահը խոսել է ահաբեկչության դեմ պայքարում ծավալվող զարգացումների մասին

Հալեպի մատույցներից ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դուրս վռնդումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի համարում ահաբեկչության դեմ լիակատար հաղթանակ: Այս մասին նա հայտնել է ֆրանսիական «Եվրոպա 1» ռադիոկայանի և TF1  հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ: «Չի կարելի խոսել հաղթանակի մասին, քանի որ դեռևս չենք հաղթել Սիրիայի ողջ տարածքում գտնվող ահաբեկիչներին: Հալեպի ազատագրումը լուրջ քայլ է երկրում ահաբեկչության դեմ պայքարի ճանապարհին, սակայն դա երկար ճանապարհ է, քանի որ ահաբեկիչները աջակցություն են ստանում տարածաշրջանային մի շարք երկրներից` Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից ու Քաթարից»,- ասել է Սիրիայի նախագահը: Սիրիայի նախագահը նշել է, որ Հալեպի շրջակայքում ռազմական գործողությունները կշարունակվեն, քանի դեռ քաղաքնը պաշտպանված չէ հարձակումներից  արևմտյան և հյուսիսային կողմերից , որտեղից ահաբեկիչները ստանում են Թուրքիայի և թուրքական բանակի աջակցությունը: Սիրիայի նախագահը հավելել է նաև, որ Հալեպի հետ կապված ռազմական գործողությունների շարունակումը պայմանավորված է իրավիճակի հնարավոր փոփոխություններով: «Այնուամենայնիվ, ահաբեկիչների ազդեցությունից ցանկացած շրջանի ազատագրում խոսում է ահաբեկչության դեմ պայքարի դրական ընթացք ունենալու մասին»,- ասել է Ասադը: Պետության ղեկավարը նշել է, որ ըստ միջազգային օրենքների՝ նրանք, ովքեր զենք են վերցնում մարդկանց և նրանց սեփականությունը ոչնչացնելու համար, ահաբեկիչներ են, իսկ ովքեր պատրաստ են իրենց զենքը վայր դնել հանուն օրենքների, չեն կարող համարվել ահաբեկիչներ: «Մեր պարտքն է ահաբեկիչներից ազատագրել հայրենի հողի յուրաքանչուր հատվածը»,- իր խոսքը եզրափակել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը: