Գեղեցիկ ելույթներ ծախե՜մ, էժանո՜վ. ո՞վ է վարչապետի ու կառավարության չուզողը

Գեղեցիկ ելույթներ ծախե՜մ, էժանո՜վ. ո՞վ է վարչապետի ու կառավարության չուզողը

Օրերս ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի շնորհանդեսի իր ելույթում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ թեթև արդյունաբերության ոլորտը դեռևս 2011թ. ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է գերակա ճյուղ և դիտարկվել է արտահանման տեսանկյունից՝ հեռանկարային ոլորտ: «2017 թվականին իրականացվելիք ներդրումների ոլորտներում  թեթև արդյունաբերությունը զգալի տեղ է զբաղեցնում։ Մի շարք նոր բացվող ձեռնարկություններ, նոր աշխատատեղեր կստեղծեն Հայաստանի տարբեր մարզերում՝ գործունեություն ծավալելով այս ոլորտում»։ Միջոցառումից հետո էլ պատասխանելով լրագրողի հարցին՝ նա հայտարարել է․ «Ուզում եմ լինենք ավելի լավատես: Չփորձենք ինքներս մեզ վատ իմպուլսներ տանք, որ չի լինելու: Պետական բյուջեի հիմքում դրված 3․2% տնտեսական աճը իրականանալու է, անկախ այն հանգամանքից՝ ուզո՞ւմ են որոշ ուժեր, թե՞ չեն ուզում՝ այդ տնտեսական աճն ապահովելու ենք այս տարի»: Մինչ նախարարի խոսքին անդրադառնալը նշենք, որ վերջին փուլում մեր կառավարության անդամների պահվածքում հետաքրքիր  դրսևորումներ են ուրվագծվում: Վարչապետը Գյումրիում դժգոհում է, որ լրագրողները չեն ժպտում, դիլխոր են և հորդորում է ժպտալ, լինել լավատես: Հետո էլ ինքն է դիլխոր ընկնում, ու հայտարարում, որ լրագրողների հետ շփվելուց այլևս հաճույք չի ստանում: Դրանից հետո ֆինանսների նախարարը Հայաստանի արտաքին պարտքի մասին խոսելիս հանկարծ սկսում է վերլուծել Միացյալ Նահանգների տնտեսության վիճակը ու նրանց տնտեսության ծանր պատկերին մերոնց հորդորում լինել լավատես: Հիմա էլ էկոնոմիկայի նախարարը լրագրողի պարզ հարցին ի պատասխան, խոսում է մեր ներքին վատ իմպուլսի, ինչ որ ուժերի չկամության ու անհրաժեշտ  լավատեսության մասին: Թերևս ճիշտ չի լինի նման տարօրինակ դրսևորումները բացատրել միայն նախընտրական զարգացումներով: Հիմա գանք տնտեսական զարգացման և ներդրումների նախարար պարոն Կարայանին, որ  ժողովրդի լեզվով ասած՝ ինչ որ ուժերի «հաթաթա» է  տալիս անկախ ամեն ինչից ապահովել 3․2%-ոց  տնտեսական աճ: Է՜, թող ապահովեն ու «չուզողն էլ ժողովուդը լինի»: Բայց պարապ տեղը բռունցքներ ճոճել պետք չէ: Հատկապես, որ  դա բազմաթիվ առումներով հաղթական ճոճք չէ: Տեխնոկրատ նախարարներից պարոն Վարդան Արամյանն իր պաշտոնը ստանձնելուց  բառացիորեն օրեր անց հայտարարեց. «Մեր տնտեսության զարգացման համար, որը թույլ կտա բարելավելու մեր սոցիալական ցուցանիշները, առնվազն անհրաժեշտ է 4-4.5%-ոց տնտեսական աճ» (այս մտքի հետ շատ տնտեսագետներ համաձայն չեն, գտնելով, որ նշյալը փոքր ցուցանիշ է): Մյուս կողմից՝ այս տարի աշխարհում սպասվում է ավելի մեծ տնտեսական աճ, քան նախանշված 3.2%-ն է, ինչից հետևում է, որ անգամ նման աճ ապահովելու դեպքում, գլոբալ մրցունակության մեջ մենք դարձյալ հետ ենք մնալու: Հարցի առնչությամբ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ պնդում է, որ «Հայաստանը ունենալով աշխարհի միջին ՀՆԱ-ից երեք անգամ պակաս ՀՆԱ, իրավունք չունի  5%-7%-ից պակաս աճ ունենալ: Մենք իբր թե փորձում ենք աճել 3.2%-ով, աճելու ենք ավելի դանդաղ, քան Վրաստանն ու Ադրբեջանը»: Հայաստանի տնտեսությունը 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո հայտնվել է ցածր աճի շրջափուլում և իրականում արդեն քանի տարի է չի կարողանում այդ փոսից դուրս գալ: Նշյալ 3.2%-ոց աճն էլ փոսից դուրս բերող ցուցանիշ չէ, ինչի անուղղակի հաստատումն է նաև Վարդան Արամյանի 4-4.5%-ոց աճի մասին հայտարարությունը: Վերոնշյալ դիտարկումները լրիվ բավարար են հասկանալու համար, որ 3.2% աճը, որ նախանշվել է բյուջեում, այնքան ցածր ցուցանիշ է, որը  ոչ միայն «հաթաթա» տալու տեղ չի թողնում, այլև քիչ թե շատ լավ զգալու: Դրանք էլ մի կողմ, 1.1-1.2 (և ավելի) միլիարդ դոլարի ներդրման պայմաններում (800 մլն ներդրում+350 մլն վարկ), եթե իհարկե, իրականում դա լինի, կառավարողներին մնում է բիզնեսին չխանգարել, նստել ու սպասել ու վայելել արդյունքները: Այնպես որ, «աշխարհաշուռտվիկ» ծրագրեր մշակող այս կառավարությունը, կարծես, տնտեսական հեղափոխության համար հիմնական առանցքային հարցերը լուծել է, և մնում է սպասել մինչև տարեվերջ, երբ կպարզվի, որ ոչ թե 3.2, այլ  3.5%-ոց տնտեսական աճ են ապահովել: Այդ դեպքում արդեն կարելի է։ Բայց թեթև արդյունաբերության ոլորտի միջոցառումը, որին մասնակցում էր նախարարը, բոլորովին կապ չունի այս կառավարության ծրագրերի հետ: Դա նախորդ կառավարությունների օրոք UNIDO-ի հետ մշակված ծրագիր է, որին հիմա կցվել է հերթական կառավարությունը ու հայտարարում է ոլորտում ապագայում 2200 նոր աշխատատեղերի ստեղծման մասին: Իսկ տեքստիլի ոլորտի առաջատարի դեր արդեն ստանձնել է «Ալեքս տեքստիլը», ինչը հասկանալիորեն նույնպես այս կառավարության գործունեության արդյունքում չէ: Հաստատ գործարար Սամվել Ալեքսանյանը վարչապետի ոգևորիչ ելույթների ազդեցության տակ չի հիմնել «Ալեքս տեքստիլը»: Բայց դրա ստեղծած աշխատատեղերը, բնականաբար, կգրանցվեն այս կառավարության գործունեության հաշվեհամարին: Իսկ կառավարության գործունեությունը այս պարագայում ողջունելի կլիներ, եթե վարչապետը պայմաններ ստեղծեր, որ հանրապետության տեքստիլ արդյունաբերության կենտրոն համարվող Գյումրիում ստեղծվեր նման արտադրություն, ապահովեր աշխատատեղեր, իսկ պարոն Ալեքսանյանի առաջ էլ պայման դրվեր, որ իր արտադրանքը տեղում չիրացնի՝ արտահանվի: Այլապես այն ինչ տեսնում ենք սննդի ու հիմա նաև տեքստիլի ոլորտներում, մեկ անգամ ևս համոզում են, որ տնտեսական քաղաքականությունն իրականում իրականացնում են սամվելալեքսանյանները, որոնք ընդհանրապես շփման եզրեր չունեն այս կառավարության հետ, որն առայժմ զբաղված է միայն գեղեցիկ փաթեթավորմամբ ելույթներ ունենալով: