Երբ Մխիթարյանը չի խաղում…

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սենտ Էտյեն» հանդիպումից ժամեր առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայ օգտատերերի շրջանում իրական իրարանցում էր սկսվել: Հրապարակվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը, որից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Չունենալով տեղեկություն մեր ֆուտբոլիստի բացակայության վերաբերյալ՝ հայ ֆուտբոլասերները անմիջապես կատարվածի մեղավոր համարեցին Ժոզե Մոուրինյոյին՝ կարծիք հայտնելով, որ նրա և Մխիթարյանի հարաբերությունները սրվել են: Նույնիսկ կոչ էր արվում բոյկոտ հայտարարել և չդիտել անգլիական թիմի մասնակցությամբ խաղը: Բազմաթիվ մարդիկ շտապել էին նույնիսկ խաղադրույք կատարել՝ վստահ լինելով, որ Մխիթարյանն այս խաղում գոլի հեղինակ կդառնա: Տաղանդավոր հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ հանդիպումներն այսօր մեր ազգաբնակչության համար դարձել են օրակարգային կարևոր բաղադրիչ: Ողջ օրվա ընթացքում սպասելով և պատրաստվելով «Սենտ Էտյենի» հետ «Յունայթեդի» մրցավեճին՝ շատերը իրական ընկճախտ ապրեցին: Զարմանալի է, բայց երբ տեղեկություն ստացվեց Մխիթարյանի վատառողջ լինելու մասին, երկրպագուները սփոփվեցին: Չհաստատվեց տեղեկությունը կոնֆլիկտի կամ Մոուրինյոյի կողմից Մխիթարյանին ուղղակի հիմնական կազմից դուրս թողնելու վերաբերյալ: Ինչևէ, Մխիթարյանի բացակայությունը Մոուրինյոյին ստիպեց վերջին պահին տեղաշարժի ենթարկել թիմի դասավորությունը: Մխիթարյանը «Սենտ Էտյենի» դեմ պետք է խաղար ենթահարձակվողի դիրքում, իսկ Մատան և Մարսիալը՝ եզրերում: Նշենք, որ վնասվածքի պատճառով այս մրցավեճի հայտացուցակից դուրս էր մնացել նաև Ուեյն Ռունին, ով Մխիթարյանին փոխարինելու ամենահարմար թեկնածուն էր: Չցանկանալով փոխել 4-2-3-1 սխեման՝ Մոուրինյոն առաջին անգամ ենթահարձակվողի դիրքում օգտագործեց Պոլ Պոգբային: Վերջինն ընդհանուր առմամբ վատ չխաղաց: Նա խաղաց իր ֆուտբոլը՝ օգուտ բերելով թիմին, այդուհանդերձ՝ անջատ լինելով թիմային ֆուտբոլից: Մխիթարյանը, պարբերաբար գործելով տարբեր ամպլուաներում, շարունակում է մնալ խաղային մեխանիզմի կարևորագույն մասնիկը: Եվ որ ամենակարևորն է՝ մշտապես լինելով կոմբինացիոն գործողություններում, նրան հաջողվում է նաև հիացնել անհատական վարպետությամբ: Նկատենք, որ «Սենտ Էտյենի» դարպասը խփած երեք գոլերում Պոգբան մասնակցություն չունեցավ: Նույն դիրքում խաղալով՝ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում ձեռնարկեց գոլային երկու գրոհները, իսկ 24-րդ տուրում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Վերջին մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց ոչ թե դինամիկ և գրագետ խաղի, այլ Զլատան Իբրահիմովիչի շնորհիվ: Ընդ որում, երեք գոլերից երկուսը դաշտի տերերը խփեցին ստանդարտ դիրքերից: Խաղային գործոններով «Յունայթեդն» ուներ առավելություն, բայց 3:0 հաշիվը ինչ-որ տեղ չի արտացոլում դիմակայության պատկերը՝ մանավանդ, որ ֆրանսիական ակումբը ևս ուներ գոլային պահեր: Առաջին կեսի վերջնամասում հյուրերն ամբողջովին տիրել էին նախաձեռնությանը, և եթե չլիներ կիսապաշտպանների, մասնավորապես՝ Էրերայի գրագետ խաղը, հանդիպման արդյունքը բոլորովին այլ կլիներ: Հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ դիմակայության ելքը դեռևս վճռված չէ: Այս կերպ նա հասկացնել է տվել, որ չնայած խոշոր հաշվով տարած հաղթանակին՝ «Մանչեսթերը» չի ցուցադրել այն ֆուտբոլը, որը կցանկանար տեսնել: Նշենք, որ ստանալով երկրորդ դեղին քարտը՝ Էրերան ստիպված կլինի բաց թողնել պատասխան հանդիպումը, ինչը կարելի է լուրջ կորուստ համարել: «Սենտ Էտյենի» դեմ խաղում 35-ամյա Իբրահիմովիչն առաջին հեթ-տրիկը ձևակերպեց՝ «Մանչեսթեր Յունայթեդում» ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Ընդամենը երկու օր հետո «Յունայթեդը» Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ՝ մրցելով «Բլեքբուրնի» հետ: Այս հանդիպմանը Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա: «Սենտ Էտյենի» հետ պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 22-ին, իսկ չորս օր անց Ժոզե Մոուրինյոյի թիմը արդեն Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում կմրցի «Սաութհեմփթոնի» հետ: