Ղազախները «քցել են» Մարկոս Պիզելիին. ՀՀ հավաքականի ֆուտբոլիստը կդիմի ՖԻՖԱ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի և Ղազախստանի «Ակտոբե» թիմի միջև հակամարտությունը սրվում է և լայն հնչեղություն ստանում: Պիզելին 2014-2015 թվականներին հանդես է եկել «Ակտոբե»-ում: Վերջինս բավական տգեղ վարվելով իր խաղացողի նկատմամբ՝ մինչ օրս չի ցանկանում կատարել պայմանագրային պարտավորությունը: Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերին ղազախական ակումբը խզել էր պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ, ինչի համար Պիզելին ֆինանսական փոխհատուցում է պահանջում: Կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Պիզելին «Ակտոբե»-ում ամսական 60 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ է ստացել, ինչպես նաև 15 հազար դոլար պարգևավճար: Պայմանագիրը խզելու, ինչպես նաև աշխատավարձը չվճարելու համար Պիզելին հայցով դիմել էր Ղազախստանի դատարան՝ «Ակտոբե»-ից պահանջելով 189 հազար դոլարի չափով փոխհատուցում: Այսօր տեղի ունեցած դատական նիստում Պիզելիի հայցը չի բավարարվել՝ այն որակվելով անհիմն: «Մարկոս Պիզելիի հետ կնքված պայմանագրում նշված չէ, թե փոխհատուցումն ինչ չափով պետք է լինի: Նա իրավունք չուներ նշելու գումարի չափը: Ինչպե՞ս է Պիզելին որոշել, որ մենք նրան պետք է վճարենք 189 հազար դոլար: Փոխհատուցման չափը պետք է որոշվեր աշխատանքային պայմանագրում առկա դրույթների համաձայն»,- հայտարարել է «Ակտոբե»-ի ներկայացուցիչ Մարատ Նիյազմագանբետովը: Փաստորեն, ղազախական կողմը՝ ընդունելով, որ պայմանագիրը խզելու համար պետք է փոխհատուցեր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին, այնուամենայնիվ, հրաժարվում է դա անելուց: Եթե իրոք Պիզելին իրավունք չուներ որոշելու փոխհատուցման գումարի չափը, ապա ինչո՞ւ Նիյազմագանբետովը չի հրապարակում այն գումարը, որը պետք է հաշվարկվեր աշխատանքային պայմանագրի համաձայն, և ինչո՞ւ մինչ օրս այն վճարված չէ: Վճարված չէ նաև Պիզելիի աշխատավարձի մի մասը: Այս հանգամանքը որևէ կերպ չեն մեկնաբանում թե՛ «Ակտոբե»-ի ներկայացուցիչները և թե՛ դատարանը: Վերջինը Պիզելիի հայցն անօրինական և անհիմն համարելով՝ փաստացի արդարացնում է ակումբի կողմից ֆուտբոլիստին հասանելիք գումարի յուրացումը: Ստացվում է, որ «Ակտոբե»-ն, կոպիտ ասած, «քցել է» Պիզելիին և շարունակում է պատճառաբանություններ փնտրել գումարը չվճարելու համար: «Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության հիմքում ընկած են Ղազախստանի Աշխատանքային օրենսգրքի կետերը: Մարկոս Պիզելիի ներկայացրած հայցը և մեղադրանքները անօրինական են և անհիմն, ուստի կոչ եմ անում դատարանին չբավարարել ֆուտբոլիստի կողմից ներկայացված հայցը»,- հայտարարել է դատախազ Ժազիրա Կանատբաևան: Պիզելիի դատապաշտպանը կարծում է, որ դատարանը գործարքի է գնացել «Ակտոբե» ակումբի ղեկավարության հետ: «Մենք, բնականաբար, անօրինական ենք համարում դատարանի որոշումը և պատրաստվում ենք բողոքարկել այն: Մարկոս Պիզելին չի պատրաստվում հանձնվել և գնալու է մինչև վերջ՝ արդարության հասնելու համար: Մենք դիմելու ենք նաև Սպորտային արբիտրաժային դատարան և ՖԻՖԱ: Վստահ եմ, որ միջազգային ատյանները օբյեկտիվորեն կմոտենան խնդրին և արդար որոշում կկայացնեն»,- ասել է Մարկոս Պիզելիի փաստաբան Ալեքսանդր Դվոնինը: Նշենք, որ Պիզելին դատարան էր դիմել դեռևս 2016 թվականի ամռանը, սակայն լսումները հետաձգվել էին: Դատարանը հայտարարել էր, որ Պիզելին նախ հայցով պետք է դիմի Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որից մերժում ստանալու դեպքում միայն գործին ընթացք կտրվի: Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բնականաբար, անօրինական էր համարել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի բողոքը: Նշենք, որ հունվարի վերջին 32-ամյա Պիզելին Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Ֆուջեյրա» ակումբից տեղափոխվել է «Կսանտի» և արդեն իսկ նորամուտն է նշել այս թիմում: