Աննախադեպ ցուցանիշ հայկական բասկետբոլում

Աննախադեպ ցուցանիշ հայկական բասկետբոլում

Հայկական սպորտում հավաքականների մակարդակով մրցելույթների քանակով 2017 թվականն աննախադեպ է լինելու: Մասնավորապես, բասկետբոլի միանգամից 6 հավաքականներ մասնակցելու են ընտրական մրցաշարերի: Նշենք, որ բացառությամբ ֆուտբոլի՝ բասկետբոլը միակ մարզաձևն է, որ ներկայանում է տարատեսակ միջազգային մրցաշարերի և հաջողություններ արձանագրում: Այսօր արտերկրում հանդես են գալիս մեծ թվով հայազգի բասկետբոլիստներ, որոնց ազգային տարբեր տարիքային հավաքականներ ներգրավելով մեր երկրում՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ոչ միայն մեծացնում է հետաքրքրությունն այս մարզաձևի նկատմամբ, այլև մասսայականացնում այն: Տարբեր հետազոտությունների արդյունքներով՝ այսօր բասկետբոլը մասսայականության ցուցանիշով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ առջևում թողնելով միայն շախմատը և ֆուտբոլը: Ինչևէ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում լուրջ աշխատանքներ են տարվում ընթացիկ տարվա մրցույթներում պատշաճ կերպով ներկայանալու և հաջող արդյունքներ ցույց տալու համար: «Տղամարդկանց 16 տարեկանների հավաքականի կորիզը կազմելու են հայկական պատանեկան ակումբներում հանդես եկող բասկետբոլիստներ: Կլինեն նաև 5-6 խաղացողներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, որոնք ևս ազգությամբ հայ են: 16 տարեկանները հանդես են գալու C դիվիզիոնում, որտեղ 10 հավաքականների պայքարում փորձելու են նվաճել ոսկե մեդալները: Պետք է նշել, որ այս դիվիզիոնում է հանդես գալիս նաև Ադրբեջանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: Այս մրցաշարը կկայանա Անդորրայում հուլիսի 23-ից 30-ը: Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը ևս կմասնակցի C խմբի մրցաշարին, որը տեղի կունենա հուլիսի 4-ից 9-ը Կիպրոսում: Մեր զրուցակիցը նշեց, որ 18 տարիքային հավաքականի կորիզը կազմելու են արտասահմանում հանդես եկող հայ բասկետբոլիստները: Նրանք դարձյալ հիմնականում ԱՄՆ-ից են և Ռուսաստանից: Կլինեն նաև 3-4 տեղացի բասկետբոլիստներ: Արտասահմանում խաղացող լեգեոներներով է կազմված նաև Հայաստանի երիտասարդական (մինչև 20 տարեկաններ) հավաքականը, որն, ի դեպ, բավական ուժեղ կազմ ունի: Այս հավաքականի մոտ 10 խաղացողներ հանդես են գալիս ԱՄՆ-ի ուսանողական լիգաներում: Մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա B դիվիզիոնում, որտեղ շատ լուրջ մրցակցություն է սպասվում: Մասնակիցների թվում են Ռուսաստանի, Խորվաթիայի նման հզոր բասկետբոլային երկրներ: Հուլիսի 14-ից 23-ը Ռումինիայի Օրադեա քաղաքում կայանալիք առաջնությունում Հայաստանը հանդես է գալու Ա ենթախմբում, որտեղ փլեյ-օֆի ուղեգրի համար պայքարելու է Բելգիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Բելառուսի և Մալթայի հավաքականների հետ: 2017-ի գլխավոր իրադարձությունը, ինչ խոսք, կլինի Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությունը աշխարհի 2019 թվականի առաջնության ընտրական 1-ին փուլին, որի հանդիպումները կսկսվեն օգոստոսի 3-ին: Հայաստանն ընդգրկված է Ա ենթախմբում, որտեղ մրցելու է Բոսնիայի, Շվեդիայի և Սլովակիայի հավաքականների հետ: Նազարյանի խոսքով՝ խմբի ֆավորիտը աստղային կազմ ունեցող Բոսնիան է, որը խաղացողներ ունի նաև NBA-ում: Այս թիմերի պայքարում առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս կգան A դիվիզիոն, որտեղ կպայքարեն եզրափակիչ փուլի ուղեգրերի համար: Խմբից դուրս չեկածները հետագայում ելույթ կունենան B դիվիզիոնում: Ինչ վերաբերում է կանանց բասկետբոլին, ապա այս ասպարեզում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 և մինչև 18 տարեկանների հավաքականները, որոնք հանդես կգան C դիվիզիոններում: Հիշեցնենք, որ 2016 թվականին մինչև 18 տարեկանների Հայաստանի ընտրանին դարձել է C դիվիզիոնի հաղթող: