Մխիթարյանի հարցազրույցը հիստերիա է առաջացրել ոչ միայն Ադրբեջանում…

Մխիթարյանի հարցազրույցը հիստերիա է առաջացրել ոչ միայն Ադրբեջանում…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ BBC հեռուստաընկերությանը նախօրեին տված հարցազրույցը լայն արձագանք ստացավ: «Երբ ապրում էի Հայաստանում, շատ խնդիրներ ունեինք հարևան Ադրբեջանի հետ: Պատերազմ էր, և այդ վատ իրավիճակը շարունակվում է մինչ օրս։ Հայաստանում ֆուտբոլիստ դառնալն ու արտասահման մեկնելը շատ դժվար էր: Դրա համար անհրաժեշտ էր ծառայել բանակում: 20 տարեկանում ծառայեցի բանակում, որից հետո թույլ տվեցին մեկնել արտասահման խաղալու»,- ասել էր Մխիթարյանը: Հարցազրույցից ժամեր անց Ադրբեջանում իրական հիստերիա սկսվեց: Մասնավորապես, այս երկրում հեղինակավոր լրատվամիջոցներ նյութեր հրապարակեցին՝ «Մխիթարյանը կռվել է Ադրբեջանի դեմ» վերնագրով, որոնք բացի աբսուրդային լինելուց՝ պարզապես ծիծաղ են առաջացնում: Ադրբեջանական կողմի ոչ ադեկվատ արձագանքը սովորական երևույթ կարելի է համարել և անուշադրության մատնել: Զարմանքի առիթ հանդիսացավ մեր երկրում, այն էլ՝ քննադատական վերաբերմունքը հարցազրույցին: Մասնավորապես, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Դիտեցի Հենրիխի հարցազրույցը BBC-ին: Հայաստանը ներկայացվեց և ցուցադրվեց որպես ծանր պայմաններում ապրող, Ադրբեջանի հետ պատերազմող երկիր։ Հասկանում եմ մեր հրաշք տղայի մղումը՝ մեկ անգամ ևս բարձրաձայնել մեր արդար պայքարի մասին, բայց տեղը չէր։ Սա մեր կռիվն է, մեր պատերազմը, աշխարհը պետք չէ դրան խառնել, աշխարհին դա ոչ միայն հետաքրքիր չէ, նաև վանող է։ Պատերազմող տարածքներից աշխարհը սովորաբար գերադասում է հեռու մնալ։ Եվ այս ամենը համեմվեց մեր անճոռնի բազմահարկերից կախված լվացքներով, չգիտես որտեղից հայտնված որբ ու անտեր երեխաների դեմքերով, տանկերի, ԲՏՌ-ների ու զենքի ցուցադրմամբ։ Հեչ տեղը չէր, դեպքը չէր, ձևը չէր։ Հատկապես մեր հաջողակ հայերի համար օրենք պիտի լինի՝ ներկայացնել երկիրը որպես Հաջողության տարածք՝ վայր, որտեղ հրաշքներ են հնարավոր՝ այստեղ ապրող մարդկանց ոգով և ձեռամբ»: Ստացվում է, որ այսօր իրականության մասին բարձրաձայնելը և խոսելը ամոթալի է և ոչ տեղին: ՀՀ նախկին վարչապետին, չգիտես ինչու, դուր չէր եկել «անճոռնի» բարձրահարկերից կախված լվացքը, ԲՏՌ-ները, տնակները և երեխաները, որոնց Դարբինյանն անվանել է անտեր: Ամոթի զգացում ապրելու և լռելու փոխարեն՝ Հայաստանի նախկին վարչապետը, ով երկրում առկա ծանր վիճակի պատասխանատուներից է, փորձում է խելք սովորեցնել հայ հայտնիներին՝ հորդորելով աշխարհի աչքերին «թոզ փչել»: Եթե տնակների կամ լվացքների փոխարեն ցուցադրվեր Երևանի կենտրոնի մի քանի բարեկարգ փողոցները, շքեղ սրճարաններն ու ռեստորանները, աշխարհը Հայաստանը պետք է ընկալեր որպես հրաշք երկի՞ր: Ամենևին ոչ: Եթե մեզ թվում է, որ Եվրոպայում կամ Հայաստանից հեռու ապրողները հիմար են, ապա չարաչար սխալվում ենք: 88-ի երկրաշարժից մոտ 30 տարի անց մարդկանց տնակներում թողնելով կամ ԲՏՌ-ներ սեփական ժողովրդի դեմ դուրս բերելով՝ իշխանությունները վաղուց արդեն աշխարհին ցույց են տվել Հայաստանում տիրող վիճակը: Բազմահարկ շենքերը անճոռնի և մանուկներին անտեր անվանելը կարծում ենք մեկնաբանության կարիք չունի: Պետք է հասկանալ միայն, որ անկախ արտաքին տեսքից՝ այդ շենքերը մերն են, իսկ երեխաները, ովքեր մեր ապագան են, մի շարք մարդկանց «շնորհիվ» մեծանում են ծանր պայմաններում: Մխիթարյանն այն եզակի մարդկանցից է, ում հաջողվել է հաղթահարել առկա դժվարություններն ու դառնալ մեծ ֆուտբոլիստ: Նրա շնորհիվ միլիոնավոր մարդիկ տեղեկացան, որ գոյություն ունի Հայաստան: Սա մեծ գործ է: Իսկ թե ինչպես է միջազգային հանրությունը ընկալում Հայաստանը՝ դա ամենևին Մխիթարյանի խնդիրը չէ: Ստեղծեք այնպիսի երկիր, որից ինքներդ չամաչեք: Երկիր, որի բնակիչը անճարությունից ստիպված չի լինի արտագաղթելու՝ աշխարհին տեղեկացնելով Հայաստանում տիրող խղճուկ վիճակի մասին: Հարցազրույցը անմիջական էր, պարզ, օրինակելի: Այն պետք է օրինակ հանդիսանա պատանիների համար, ովքեր առկա իրավիճակում փորձում են բարձունքների հասնել և պատվով ներկայացնել մեր երկիրը: Եվս մեկ դիտարկում. Մխիթարյանի հարցազրույցի նման արձագանքը կապված է նաև նրա մեծ ճանաչում ունենալու փաստով: Շատ ԶԼՄ-ներ և մարդիկ, Մխիթարյանի մասին գրառումներ և հրապարակումներ կատարելով, օգտագործում են նրա հանրաճանաչ լինելը և փորձում են ուշադրության արժանանալ հասարակության շրջանում: https://www.youtube.com/embed/01w5CWI-VnM