«Լավ չես, արա՜». Հայկական թիմերը զարմացնում են Թուրքիայում

Այս օրերին հայկական երեք թիմեր՝ «Շիրակը», «Ալաշկերտը» և «Բանանցը», ուսումնամարզական հավաք են անցկացնում Թուրքիայում: Արդեն իսկ կայացած ընկերական հանդիպումներից ուշագրավ էին «Ալաշկերտի» մրցավեճը Ուզբեկստանի ազգային հավաքականի, ինչպես նաև «Բանանցի» դիմակայությունը ղազախական «Կայսարի» հետ: Առաջին դեպքում «Ալաշկերտը», կարելի է ասել, անակնկալ հաղթանակ տարավ՝ մրցակցի դարպասն ուղարկելով երկու անպատասխան գնդակ: ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Ուզբեկստանն այս պահին 63-րդն է և ընդամենը երկու աստիճանով է զիջում Ռուսաստանի ազգային թիմին: Ի դեպ, Ուզբեկստանը գլխավորում է հայազգի մասնագետ Սամվել Բաբայանը: «Ալաշկերտն» այս մրցավեճում ցուցադրեց բավական գրագետ խաղ: Մասնավորապես, երկրորդ կեսում աստիճանաբար մեծացնելով ճնշումը՝ վերջնամասում մերոնց հաջողվեց երկու գնդակ խփել: Ողջ հանդիպման ընթացքում ուզբեկ ֆուտբոլիստներն ըստ էության վտանգավոր պահ չստեղծեցին Հայաստանի չեմպիոնի դարպասին: Այս հանդիպմանը հետևելու համար Թուրքիա էր մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» փոխարեն Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ պետք է մրցեր Հայաստանի ազգային հավաքականը, սակայն ՀՖՖ-ն՝ պատճառաբանելով, որ Թուրքիայում կա ահաբեկչական գործողությունների վտանգ, հրաժարվեց այդ հանդիպումից: Ուզբեկստանի հավաքականին հաղթելուց հետո «Ալաշկերտն» արդեն երկրորդ կազմով 3:0 հաշվով զիջել է ղազախական «Ակժայկին»: Սա «Ալաշկերտի» 5-րդ հանդիպումն էր Թուրքիայում: Առաջին խաղում հայկական թիմը 2:0 հաշվով զիջել էր ռուսական «Տոսնոյին», 1:0 հաշվով՝ Ղազախստանի «Իրտիշին», և ոչ-ոքի՝ 1:1 խաղացել Սերբիայի ներկայացուցիչ «Նապրեդակի» հետ: Այն, ինչ տեղի ունեցավ «Բանանց»-«Կայսար» հանդիպման ժամանակ, լայն արձագանք է ստացել ֆուտբոլային հասարակության շրջանում: «Կայսարի» ավագ Մաքսիմ Բայժանովը հարվածելով «Բանանցի» խաղացող Հակոբ Համբարձումյանին՝ զանգվածային հրմշտոց հրահրեց: Այս դրվագում ուշագրավ է մեր խաղացողի ռեակցիան: «Լավ չես, արա՜» գոռալով և հրելով՝ Համբարձումյանը փորձում է, այսպես ասած, խեղճացնել մրցակցի թիմի ավագին: Սակայն վերոնշյալ արտահայտությունը ըստ երևույթին հունից հանում է Բայժանովին, ով կոպիտ հնարքով գետնին է գցում «Բանանցի» խաղացողին: Նշենք, որ կոնֆլիկտը սկիզբ է առել այն բանից հետո, երբ Համբարձումյանը խաղային դրվագում ուսով հրել է Բայժանովին: Վերջինն իր հերթին ձեռքերով է հրել: Կատարվածի համար սխալ կլինի արդարացնել ինչ-որ մեկին, քանզի ֆուտբոլում նման երևույթները ուղղակի ամոթալի են: Առավել ևս, որ հանդիպումը ընկերական է: Մրցակցին ծեծելով կամ կամ խեղճացնելով՝ ֆուտբոլիստը միայն վարկաբեկվում է և բացասական համբավ ձեռք բերում: Եթե մարզիկն ի զորու չէ զսպել կրքերը մրցումների ժամանակ, ապա նրա կարիերան չի կարող հաջող ընթացք ունենալ: Հատկապես թիմային մարզաձևերում խաղացողի նման արարքը հարված է հասցնում առաջին հերթին 10 խաղընկերներին: Իսկ երբ ֆուտբոլիստին անվայել պահվածքով աչքի է ընկնում թիմի ավագը, կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդն են: 32-ամյա Բայժանովը 2005 թվականից մինչ այսօր հանդես է գալիս նաև Ղազախստանի ազգային հավաքականում, ինչը խոսում է նրա փորձի և պրոֆեսիոնալիզմի մասին: Հանդիպման վրացի գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել թե՛ Բայժամովին, թե՛ Համբարձումյանին: Այս խաղն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ «Կայսարի»: Հանդիպման երկու գնդակներն էլ խփվել են մինչև միջադեպը: Փետրվարի 15-ին «Բանանցը խաղալու» է թուրքմենական «Ալտին Ասիրի», փետրվարի 16-ին՝ մոլդովական «Սֆինտուլ Գեորգեի», փետրվարի 19-ին՝ Յուրմալայի «Սպարտակի» հետ: Փետրվարի 20-ին էլ «Բանանցի» մրցակիցը կլինի Տուլայի «Արսենալը»: Ինչ վերաբերում է Գյումրիի «Շիրակին», ապա վերջինս դեռևս մեկ ընկերական հանդիպում է անցկացրել ոչ-ոքի՝ 1:1 խաղալով ուզբեկական «Նեֆթչիի» հետ: