Մոլդովայի նախագահը չի բացառել ԵՄ-ի հետ ստորագրված Ասոցացման համաձայնագրի չեղարկման հնարավորությունը

Մոլդովայի նախագահը չի բացառել ԵՄ-ի հետ ստորագրված Ասոցացման համաձայնագրի չեղարկման հնարավորությունը

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ կառավարության կողմից ԵՄ-ի հետ ստորագրված Ասոցացման համաձայնագիրը կարող է չեղարկվել, եթե նման որոշում ընդունի ժողովուրդը. «Եթե Մոլդովայի քաղաքացիների մեծ մասը հանրաքվեի ժամանակ կամ էլ պատգամավորների մեծ մասը դեմ արտահայտվեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին և որոշեն խզել այն, ապա նախագահը չի կարող և չի խոչընդոտի դրան»։ Նա հիշեցրել է, որ իր գլխավորած Սոցիալիստների կուսակցությունն ավելի վաղ հանդես է եկել այդ համաձայնագրի դեմ՝ այն համարելով վաղաժամ. «Պետք է ուղիղ ասել, որ դա արվել է աշխարհաքաղաքական նկատառումներով, որի պատճառով էլ, ինչպես տեսնում ենք, գրանցվել է կոռուպցիայի, իշխանության հանդեպ անվստահության աճ, եվրաինտեգրման կողմնակիցների անկում՝ 2009 թվականի 70 տոկոսից մինչև 39 տոկոսի՝ համաձայն վերջին հարցումների։ Մենք չենք մեծացրել արտահանումը դեպի ԵՄ, սակայն դրա հետ մեկտեղ կորցրել ենք Ռուսաստանի շուկան, որը երկար տարիներ մեր երկրի համար եղել է գլխավոր շուկա։ Այդ համաձայնագրի կնքումից հետո երկրի բանկային համակարգից հափշտակել են մեկ միլիարդ եվրո։ Այդ հարցերը ես մտադիր եմ քննարկել փետրվարի 6-7-ին Բրյուսել կատարելիք պաշտոնական այցի ժամանակ»։