Ռուսաստանը սիրիական ընդդիմությանն է հանձնել Սիրիայի նոր Սահմանադրության նախագիծը

Ռուսաստանը սիրիական ընդդիմությանն է հանձնել Սիրիայի նոր Սահմանադրության նախագիծը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աստանայում Սիրիայի վերաբերյալ անցկացված բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ Մոսկվան սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին հանձնել է Սիրիայի նոր Սահմանադրության նախագիծը։ Նրա խոսքերով՝ նախագիծը պատրաստել են ռուս մասնագետները։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն այդ քայլին գնացել է նրա համար, որ ցանկանում է արագացնել այդ գործընթացը և հավելյալ խթանող ազդակ հաղորդել սիրիական կարգավորման գործընթացին։ Հունվարի 23-24-ին Աստանայում անցկացված բանակցությունների արդյունքներով՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան ընդունել են համատեղ հայտարարություն, որում կողմերը հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ մեխանիզմի ստեղծման շուրջ։ Լավրենտևն ընդգծել է որ Ռուսաստանը չի բացառում հրադադարի մասին համաձայնագրի նոր երաշխավորների ի հայտ գալը, սակայն նրանք պետք է իրական ազդեցություն ունենան սիրիական ընդդիմության վրա։