Հովիկ Աբրահամյանի «ժառանգությունը»

Հովիկ Աբրահամյանի «ժառանգությունը»

Սեպտեմբերին ընթերցելով կառավարության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի հայտարարությունը, Հովիկ Աբրահամյանը հավաստիացնում էր, որ ամեն ինչ արել է բոլորին միավորելու համար և պաշտոնաթողությունից հետո էլ իր խնդիրը համարելու է հենց դա: Թե հատկապես ում էր դիմում Աբրահամյանը, հատկապես ում նկատի ուներ «բոլոր» ասելով, այդպես էլ մնաց չբացված: Բոլորը ներառում էր հասարակությունո՞ւնը, թե՞ միայն իշխող համակարգը, իշխանության տարբեր թևերը: Թե՞ միայն ՀՀԿ-ն՝ առանց իշխող համակարգի այն սեգմենտների, որոնք դուրս են ՀՀԿ-ից՝ այս կամ այն պատճառով: Հովիկ Աբրահամյանը դա չմանրամասնեց, փոխարենը, ըստ էության, հնչեց հերթական հրաժարականը՝ հրաժարականը ՀՀԿ-ից: Ձևով, իհարկե, այն կուսակցությունից դուրս գալու դիմում է, սակայն բովանդակությամբ, դա հրաժարական է, Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է կուսակցական իր կարգավիճակից և քաղաքական ազդեցությունից: Արդյո՞ք դա նշանակում է, որ «բոլորին միավորել» չստացվեց ոչ միայն վարչապետի պաշտոնում, այլ նաև ՀՀԿ-ում: Այսինքն՝ ոչ ոք չհավատաց Աբրահամյանին, և նա ստիպված թողնում է կուսակցությունը, քանի որ ՀՀԿ-ում նրա ազդեցությունը հիմնված էր, իհարկե, իր հանդեպ հավատի և վստահության վրա: Հովիկ Աբրահամյանը 2014 թվականի ոչիշխանական թավշյա հեղաշրջումից հետո վարչապետ դարձավ հենց այդ հենքով, անվտանգության երաշխիք ներկայացնելով իշխանության առանցքը կազմող օլիգարխիային և քրեական բաղադրիչներին, որոնք տագնապած էին Տիգրան Սարգսյանի հռետորաբանությունից և Սերժ Սարգսյանի հաշվարկներից: Այսպիսով՝ ՀՀԿ-ից Աբրահամյանի հեռանալու իրողությունը առաջ է բերում այդ երաշխիքների հարցը: Հովիկ Աբրահամյանը երաշխիքները ՀՀԿ-ից տեղափոխում է ա՞յլ դաշտ, այսինքն՝ այդ երաշխիքները այլևս ՀՀԿ-ում չե՞ն, թե՞ երաշխավորը այլևս Հովիկ Աբրահամյանը չէ: Այդ դեպքում ո՞վ է այն շերտերի երաշխավորը, որոնք ապավինում էին Հովիկ Աբրահամյանին: Այդ տեսանկյունից հետաքրքրական է, թե ինչպիսին է լինելու Հովիկ Աբրահամյանի այս «հրաժարականի» տեքստը և ինչ է խոսելու նա «բոլորին միավորելու» այն հանձնառության վերաբերյալ, որը շարունակելու պատրաստակամություն էր հայտնում վարչապետի պաշտոնը թողնելուց հետո: Այդ պատրաստակամությունն այլ բան չէր, քան առաջարկ հենց այդ շերտին, այլ կերպ ասած՝ իշխող համակարգի ներկայիս առանցքին. Առաջարկ՝ միավորվել և ներիշխանական վերադասավորումներից և վերաձևումներից պաշտպանվել միասնաբար՝ Աբրահամյանի առանցքի շուրջ: Սակայն, տեղի ունեցավ կարծես թե հակառակը, և «միասնաբար պաշտպանվելու» այդ առաջարկը չընդունվեց, փոխարենը՝ քրեաօլիգարխիկ շերտերը սկսեցին պաշտպանության «անհատական» տարբերակների որոշակի տարերային փնտրտուքը, ինչն արտահայտվում է, օրինակ՝ նախընտրական մասնակցության շուրջ ներկայիս մեծ շարժերով, երբ բոլորը բանակցում են բոլորի հետ և բոլորի դեմ: Հովիկ Աբրահամյանը մնաց մենակ, ոչ միայն առանց դե յուրե իշխանության, այլ նաև առանց գաղափարի, այսինքն՝ առանց համակարգային անհրաժեշտության պահանջարկի ձևավորման հիմքի: Հաշվի առնելով նրա տեղն ու դերը Հայաստանի իշխանության մեջ, հատկապես վերջին տասնամյակում, ակնհայտ է դառնում, որ Աբրահամյանի ճակատագրում արտացոլվում է Հայաստանում իշխող համակարգի ճակատագիրը, նրա գործողություններում արտացոլվում են համակարգի շարժումները: Ըստ այդմ, Հովիկ Աբրահամյանի հեռացումը ՀՀԿ-ից, անկախ նրանից, թե նա ուր կգնա, ում կամքով և ինչ կարգավիճակով, վկայում է, որ այլևս չկա նախկին համակարգը: Այդ համակարգի բացակայությունը իշխանության համար վտանգավոր, աղետալի չի դառնում, իսկ հանրության համար էլ փլատակի տեսքով չի դրսևորվում զուտ այն պատճառով, որ փլատակ է հասարակական-քաղաքական կյանքը ամբողջությամբ, այստեղ չկան այլ շոշափելի կառույցներ, որոնց ֆոնին նկատելի կլիներ իշխանական համակարգի փլուզումը: Հանրության աչքը վարժվել է հասարակական-քաղաքական փլատակներին և մեկով ավելի, կամ պակաս, չի տալիս զգալի նշանակություն և չի էլ նկատում: Թեև, խոսքն իհարկե, գուցե, ոչ թե փլուզման, այլ վերակառուցման մասին է, ինչը իրականացվում է բավականին անբռնազբոս կերպով, հաշվի առնելով էական մրցակցության բացակայությունը: Այդուհանդերձ, անգամ այդ դեպքում առավել ևս բաց է մնում այն շերտի հարցը, որի «խորհրդանիշ» էր հանդիսանում Հովիկ Աբրահամյանը, քանի որ բացառված չէ նաև, որ Աբրահամյանը այդ շերտի զոհաբերությունն է, Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության դիմաց: Այդ հարցում շատ բան նկատելի կլինի Աբրահամյանի քայլերից հետո Հայաստանի քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների պահվածքից: