Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ-ի հարցը

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ-ի հարցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Դա մասնավորապես վերաբերում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերի լայն շրջանակին։ Մամեդյարովը ևս մեկ անգամ կողմ է արտահայտվել Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի փոփոխմանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև վերջին օրերին երկու երկրների հարաբերություններում ծագած հարցերը։ Քննարկվել են նաև միջազգային օրակարգում ու փոխադարձ հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցերը։