Մեկ օրում ընդդիմադիր չեն դառնում. Վահրամ Բաղդասարյանը՝ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ն լքելու մասին

Մեկ օրում ընդդիմադիր չեն դառնում. Վահրամ Բաղդասարյանը՝ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ն լքելու մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: -Պարոն Բաղդասարյան, Հովիկ Աբրահամյանն այսօր մեզ հետ զրույցում հաստատեց, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից, Ձեզ համար անակնկա՞լ էր արդյոք այս որոշումը: -Բնականաբար նման որոշումները հետաքրքրական են, բայց դեռ դա նախաձեռնություն է, դեռ հայտարարության տեքստ չի եղել, ես ծանոթ չեմ, համենայնդեպս մեր երկիրն ազատ երկիր է, և յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր քաղաքական ճակատագիը և ընդհանրապես՝ իր անձնական խնդիրն է, իսկ ՀՀԿ-ն ընթանում է առաջ: -Պարոն Բաղդասարյան, Դուք չե՞ք կարծում, որ սա նախընտրական այս փուլում, որոշակի առումով, կբարդացնի Ձեր պայքարը՝ հաշվի առնելով, որ Հ. Աբրահամյանը մեծ ռեսուրսներ ուներ՝ թե՛ նյութական և թե՛ նաև համակիրների առումով: -Մի փոքր համաձայն չեմ ձեզ հետ՝ նյութական առումով, համակիրների՝ բնականաբար, երկար տարիներ մեր գործընկերը բավական լուրջ դերակատարություն է ունեցել և կունենա համակիրներ, բայց քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ լինում են ելքեր, մուտքեր, տեղաշարժեր, բնականաբար, եթե մեկը դուրս է գալիս, համալրվում է այլ մարդկանցով, որոնք իրենց համակիրների հետ նորից լրացնում են հանրապետականի շարքերը: Եվ ավելի է հետաքրքրանում քաղաքական դաշտը: -Պարոն Բաղդասարյան, հետաքրքրանո՞ւմ է, Դուք, օրինակ, Հովիկ Աբրահամյանին որպես ընդդիմադիր գործիչ պատկերացնո՞ւմ եք, ընդդիմադիր հանրապետականին: -Ես իմ կարծիքը բազմաթիվ անգամներ ասել եմ, որ մեկ օրում ընդդիմադիր չեն դառնում, համենայնդեպս պարոն Աբրահամյանն ինքն այդ մասին հայտարարություն կանի, ես խնդրում եմ այդ հարցերով դիմեք իրեն: -Պարոն Բաղդասարյան, Դուք մեր նախորդ զրույցում ասում էիք, որ խորհրդի նիստին նրա չգալը, նրա՝ ընդհանրապես ԳՄ նիստերին ներկա չլինելը մեծ բան չի պարունակում, նա տեղեկացրել է և այլն, բայց, ըստ էության, վարչապետությունից հետո ՀՀԿ-ի և Աբրահամյանի ջրերը մի առվով չէին հոսում: -Ջուրն իր ճամփան գտնում է: Եվ մենք այդ բոլոր բացակայություններից տեղյակ ենք եղել, պարոն Աբրահամյանի բացակայությունները հարգելի պատճառով են եղել, և դրա համար դուք մի անհանգստացեք, դուք ավելի անհանգիստ եք: -Իսկ Մհեր Սեդրակյանի որդու հետ կապված, Մհեր Սեդրակյանը ՀՀԿ-ի հետ խնդիր ունի, Գայանե Սողոմոնյանը դադարեցրեց անդամակցությունը… Ի՞նչ է կատարվում, պարոն Բաղդասարյան, Ձեր կուսակցության հետ: -Անձնական վերադասավորումներ են, շատ նորմալ է այս ամեն ինչը, սա քաղաքական գործընթաց է, որը ծանոթ է մեր քաղաքական կյանքին, անակնկալներ չկան, մի՛ անհանգստացեք, ամեն ինչ կկարգավորվի: -Դուք չե՞ք մտահոգվում, որ այս մարդիկ, ովքեր ամեն ընտրությանը շատ ձայն են բերել իշխանությանը՝ ՀՀԿ-ին, այս անգամ չեն բերի: -Մենք անհանգստանալու ոչինչ չունենք, մենք հետևում ենք գործընթացներին և կարգավորում ենք գործընթացները: