Հովիկ Աբրահամյանը կմիանա «Ծառուկյան» հակաքաղաքագիտական դաշինքին

Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պատրաստվում է դուրս գալ ՀՀԿ-ից և դիմում է ներկայացրել: Հետաքրքիր են ՀՀԿ-ի ներսում այս վերադասավորումները ընտրություններից առաջ, արդյոք սա՞ գործուղում է ընդդիմադիր դաշտ, թե՞ ներսից է փլուզվում կուսակցությունը: Անդրադառնալով այս հարցերին՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՄԱՀՀԻ-ի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Քառյակի փլուզումից հետո 2015-ի փետրվարին, և քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո Հովիկ Աբրահամյանը անգամ որպես կառավարման ղկավար՝ վարչապետ, միևնույն է, իր պաշտոնավարման հարցով կախված էր բացառապես Սերժ Սարգյանի քաղաքական կամքից և ցանկությունից, մի փոքր էլ գուցե ՀՀԿ ներսում ուժերի բալանսից, որոնցից մեկը ընդունված էր անվանել Հովիկ Աբրահամյանի խումբ: Հետևաբար բավականին խոցելի էր նրա իշխանությունը, և, թերևս, անցած տարվա երկու իրադարձությունները՝ և ապրիլյան պատերազմը, և «Սասնա ծռերի» գործողությունը, դրան էլ հավելած տնտեսության արդեն իսկ մտահոգիչ կանխատեսումները, ընտրությունների նախաշեմին ուղղակի Ս. Սարգսյանին թելադրում էին փոխել վարչապետին՝ հույսեր, սպասումներ առաջացնելու և այլ առումներով»: Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ քանի որ հայտարարվել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը, ապա Հովիկ Աբրահամյանը զրկվում է որևէ առանցքային պաշտոն զբաղեցնելու հեռանկարից. «Ենթադրում եմ նաև, որ նրա համար փակվել է նաև ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը նույնպես»: Ս. Սաֆարյանի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանին մնում է քաղաքական դաշտում այլ տիրույթներ փնտրել, և կարելի է սպասել, որ նա կմիանա «Ծառուկյան» դաշինքին: Մանրամասները՝ տեսանյութում: