Սերժ Սարգսյանը չի ուզում երկրորդ ունենալ

Սերժ Սարգսյանը չի ուզում երկրորդ ունենալ

Անկասկած է, որ ՀՀԿ-ից դուրս գալու մասին Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը իսկապես բավական շոկային էր ներքաղաքական դաշտի համար, առավել ևս, որ այդ հայտարարության կամ այդ զարգացման առումով կար մի առանձնահատկություն: Հովիկ Աբրահամյանի որոշման վերաբերյալ մամուլի արտահոսք գործնականում չի եղել, այսինքն՝ սովորաբար այս կամ այն ներքաղաքական զարգացման մասին մամուլում լինում են ոչ պաշտոնական, տարբեր աղբյուրների հղվող հրապարակումներ, որոնք նախորդում են տվյալ զարգացմանը մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիս առաջ: Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու պարագայում կարծես թե չեն եղել այդպիսի հրապարակումներ, լրատվամիջոցները կարծես թե չեն գրել, որ Աբրահամյանը պատրաստվում է լքել ՀՀԿ-ն: Իհարկե, եղել են տեղեկություններ, որ նա փորձում է տարբեր հանդիպումներով լուծել ՀՀԿ-ում իր դիրքերի հարցը, սակայն չի եղել հրապարակում, որ այդ հարցը չլուծվելու դեպքում նա պատրաստվում է լքել ՀՀԿ-ն: Սովորաբար այդ արտահոսքերը կազմակերպվում են իշխանության իսկ ցանկությամբ և գործողություններով: Ըստ այդմ, եթե Հովիկ Աբրահամյանի հեռանալու մասին մամուլում չեն եղել նախորդող տեղեկություններ մինչև անմիջապես հեռանալու մասին որոշման նախօրեն, պետք է ենթադրել, որ իշխանությունը չի ցանկացել ժամանակից շուտ որևէ աղմուկ հանել: Տվյալ պարագայում իշխանություն ասվածը ենթադրում է Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը և գուցե ևս մեկ-երկու մարդ: Կամ՝ Հովիկ Աբրահամյանն ինքն է կարողացել լիովին փակ պահել իր որոշումը և պահել որպես վերջին խաղաքարտ: Չի բացառվում նաև, որ նախորդող արտահոսքերի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ Հովիկ Աբրահամյանը հեռանալու որոշումը կայացրել է վերջին պահին, որևէ նոր զարգացման ազդեցության տակ: Այսպես, թե այնպես՝ մի բան հստակ է, որ Աբրահամյանի անակնկալ հեռացումը ՀՀԿ-ում առաջացնում է մեծ բաց, քանի որ Հովիկ Աբրահամյանը կուսակցությունում միայն անհատ չէր, ազդեցիկ անձ չէր, այլ նաև ազդեցության շրջանակ էր: Եվ այժմ, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչ է լինելու Հովիկ Աբրահամյանի ազդեցության շրջանակի հետ: Այդ շրջանակը մնալո՞ւ է, թե՞ հեռանալու է Աբրահամյանի հետ միասին: Եթե մնալու է, ապա ո՞ւմ ազդեցության տակ է հայտնվելու՝ անմիջապես Սերժ Սարգսյանի՞, Կարեն Կարապետյանի՞, թե՞ տարրալուծվելու է տարբեր թևերի և խմբերի միջև: Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանի հեռացումը նշանակում է ՀՀԿ-ում նոր և, ըստ էության, զգալիորեն փոխվող ստատուս քվո: Աբրահամյանը դե ֆակտո երկրորդ մարդն էր կուսակցությունում: Իհարկե, արդեն մի քանի ամիս այդ մարդն ունի լուրջ խնդիրներ և արձանագրում էր քաղաքական ընթացքի լուրջ արգելակումներ, սակայն տվյալ պարագայում հետաքրքրական հարց է այն, թե արդյոք Աբրահամյանից հետո կա՞ նոր երկրորդ մարդ, թե՞ ՀՀԿ-ն այլևս անցնում է մի ռեժիմի, որտեղ Սերժ Սարգսյանը երկրորդ մարդ չի թողնում, և առաջինից, այսինքն՝ իրենից հետո արդեն գալիս են միանգամից մի քանի աստիճան ներքև կանգնածներ: Հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանը ունի 2018 թվականի խնդիրը լուծելու անհրաժեշտություն, տրամաբանական է դառնում, որ նրա համար ցանկալի չէ երկրորդ մարդու կարգավիճակը ՀՀԿ-ում: Թեև այստեղ, իհարկե, նա ունի խնդիր՝ Կարեն Կարապետյանի երկրորդը լինելու խնդիրը, որը հավանաբար այսօր կլուծվի Մոսկվայում: