Դեսպան Սվիտալսկին՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի և ընտրատեղամասում տեսախցիկների տեղադրման խնդիրների մասին

ՀՀ-ում  ԵՄ դեսպանՊյոտր Սվիտալսկին լիահույս է, որ Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների օրը բոլոր տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու և ուղիղ հեռարձակում ապահովելու վերաբերյալ պայմանավորվածությունը կատարելու համար կգտնվի խելամիտ լուծում: Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ դրա շուրջ քննարկումներն այս պա հին շարունակվում են: «Փաստ է մեկ բան, որ միակ կազմակերպությունը, որը մասնակցել է տեսախցիկների տեղադրումը և ուղիղ հեռարձակումն ապահովելու համար հայտարարված մրցույթին, բարձր գին է ներկայացրել, քան նախատեսված է: Բայց ես այս հարցում լավատես եմ ու լիահույս եմ, որ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել խելամիտ լուծում»,- նշեց Սվիտալսկին: Նա հավելեց, որ ԵՄ-ն կոչ է անում այս կարևոր հարցում հանգել ողջամիտ փոխզիջման` ընդգծելով, որ իրենք շատ լավ են հասկանում, որ լուծումը կարող է կատարյալ չլինել և չբավարարել ընդդիմությանը կամ իշխանությանը, քանի որ ժամանակն էլ շատ քիչ է: «Ես օգտվում եմ այս հնարավորությունից և շահառու կողմերին կոչ եմ անում տվյալ հարցում հանգել խելամիտ լուծման: Մենք կարծում ենք, որ լուծում պետք է գտնել, նույնիսկ այն դեպքում, եթե այն կատարյալ չէ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին: Միևնույն ժամանակ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորեց այն հանգամանքը, որ ընտրողների նույնականացման տեխնոլոգիան առաջիկա ընտրություններում կիրառելու վերաբերյալ դրույթը կյանքի է կոչվում` գոհունակությամբ ընդգծելով, որ շուտով այն կլինի Հայաստանում և կփորձարկվի: Նրա խոսքով` դա բավականին բարդ գործընթաց է, ուստի ողջունելի են ՀՀ կառավարության ջանքերը, որ կառուցողական մոտեցում է ցուցաբերել և կարողացել կյանքի կոչել այդ բարդ գործընթացը: Մանրամասները՝ տեսանյութում: