Հովիկ Աբրահամյանն այն  մարդը չէ, որը կավելացնի «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը. Քաղտեխնոլոգ

Հովիկ Աբրահամյանն այն մարդը չէ, որը կավելացնի «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը. Քաղտեխնոլոգ

«ՀՀԿ-ում այս պահին գնում է հներից ազատվելու պրոցես»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշումը՝ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այդ հներին ցուցակի առաջին հորիզոնականներում տեղ չեն տալիս, ավելի հետին հորիզոնականներ զբաղեցնել թույլ չեն տալիս այդ հների ամբիցիաները, դրա համար էլ գնում է « ՀՀԿ-ից նեղացածների ու վիրավորվածների շղթայական ռեակցիա»։ «Սա է պատճառը, որ նման պրոցես է սկսվել»,- նկատեց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ այս պրոցեսը նորմալ է, սերնդափոխություն է իրականացվում, և հստակ է, որ ոչ մի պաշտոնյա իր պաշտոնում հավերժ չէ։ Կարեն Քոչարյանը չի բացառում, որ հնարավոր է՝ Հովիկ Աբրահամյանը մնա քաղաքականության մեջ, գործի ընդդիմադիր դաշտում, ինչպես հիմա շատերն են անում։ Հնարավոր է՝ միանա նաև խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին, սակայն դա այս ընտրություններում որևէ իրավիճակ չի փոխի։ «Քաղաքական վերադասավորումները կատարվել են արդեն։ Անձերով բան չի որոշվում։ Տարբեր օլիգարխների, պաշտոնյաների կողմից իշխանությունից դուրս գալը և քաղաքական դաշինքներին միանալը արդեն սովորություն է դարձել, դա ինչ-որ առանձնահատուկ բան չէ»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով. «Ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանին միանալով՝ ինչ-որ բան կփոխվի։ Գագիկ Ծառուկյանի պարագայում դա այլ կերպ էր։ Նա մարդ է, որը իր ընտրազանգվածի մոտ վարկանիշ ունի։ Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում այլ է։ Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանն այն մարդն է, որը կավելացնի «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը կամ Սեյրան Օհանյանի դաշինքի վարկանիշը։ Հստակ է միայն մի բան՝ նա մարդ է, որ ռեսուրսներ ունի, բայց այնպես չի, որ Ծառուկյանը այդ ռեսուրսների խնդիրն ուներ ու սպասում էր Հովիկ Աբրահամյանի ֆինանսական ռեսուրսներին։ Դա ընդամենը, ասենք, Արարատի մարզում ինչ-որ չնչին ձայների ավելացում է, ուրիշ ոչ մի բան»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։   Լուսանկարը՝  Photolure-ի