Ընտրությունների օրը պետք է փոխել. չի կարելի դրանով փակել սուրբ արյան գիտակցման գաղափարը

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է պատմաբան, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը: -Պարոն Խաչատրյան, «Հոգևոր Հայաստան»-ը տարածել է հաղորդագրություն՝ կոչ անելով չանարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը և ապրիլի 2-ի ընտրությունները տեղափոխել մեկ այլ օր: Ինչո՞ւ գերխնդիր դրվեց ընտրության օրը փոխել: Համարելով, որ սահմանադրական խախտում է տեղի ունենում, «Համախմբում»- ը և ՀԱԿ-ը ևս հանդես են եկել ընտրությունների օրը փոխելու պահանջով: -«Հոգևոր Հայաստան»- ը քաղաքական ուժ չէ, որ կենտրոնանա օրենքի տառի վրա, նրան ավելի շատ հուզում է գործի բարոյական կողմը, որովհետև, ըստ էության, ընտրությունների օրը նույնականանում է քառօրյա պատերազմի մեկ տարին լրանալու օրվա հետ, անթույլատրելի մի բան: Մենք գիտակցում ենք. որ քառօրյա պատերազմը յուրօրինակ ջրբաժան է, որից այս կողմ մեր ժողովուրդն ունի այդ ամենը վերագնահատելու այն ամենը, ինչը հոգևոր վերելք էր տվյալ ժամանակահատվածում, պատկերացնելու, թե ինչն էր պատճառը զոհերի, որոնք որպես վիշտ ոչ միայն խուժեցին առանձին ընտանիքներ, այլ նաև մեր ժողովրդի հոգու մեջ: Այդ իրավիճակում պետք է լինեն ընտրություններ, մի բան, որը մեր ժողովրդի հիշողության մեջ կապվում է հազար և մեկ վայրիվերումների, կեղծիքների ընթացքի հետ, որն արդարացիության ոտնահարում է շատ դեպքորւմ լինում, մենք համարում ենք, որ չի կարելի դրանով փակել սուրբ արյան գիտակցման գաղափարը: -Պարոն Խաչատրյան, կարծում եք իշխանությունը միտումնավո՞ր դիմեց այդ քայլին՝ ապրիլի 2-ը հայտարարելով ընտրությունների օր, թե՞ պարզապես համընկավ: -Մեզ համար դա էական չէ, ինչ ուզում է լինի, եթե անգամ դա լիներ  օրենքի տառից և հոգուց բխող, ինչը վիճարկում են տարբեր քաղաքական ուժեր, միևնույն է, պետք է այդ օրը փոխվեր: Դա նույնն է, որ ձեր կամքով, կամայական ծննդյան օրը բերեք հանկարծ դնեք դեկտեմբերի 7-ի օրը: Կլինի՞ այդպիսի բան: Որևէ մեկը համազգային վշտի, թախծի, այդ ամենը վերապրելու, վերագնահատելու, որպես ջրբաժան դրանից հետո զարգացումները պատկերացնելու, իր էության ներսը դիտարկելու խնդիր ունի և հանկարծ այդ ժամանակ ընտրություններ… Ինչպես երկրաշարժը, քառօրյա պատերազմը ևս համազգային ողբերգություն է, և դրա պատճառներն սկսեցին բացահայտվել, ինչը շատ խոր կնճիռ է թողել մեր ժողովրդի հոգում: -Քաղաքական այն ուժերը, որոնք նույնպես նման պահանջով են հանդես եկել, նշում են, որ դա նաև սահմանադրական խախտում է: Ի՞նչ եք կարծում իշխանությունը կվերանայի՞ այս պահանջը: -Ճիշտ կլինի, որ իշխանությունը վերանայի: Ըստ էության գոյություն ունի փաստարկ, որ ընտրություններն ավարտվելուց հետո էլ միշտ կարելի է վիճարկել և դա ըստ էության կազդի ամեն ինչի, ընդհուպ մինչև ընտրության վավեր լինելու վրա: Եթե այս գրաֆիկով ենք շարժվում, մենք միաժամանակյա երկու խորհրդարան ենք ունենալու, ինչը աբսուրդի ժանրից է: Այս առումով ճիշտ կլինի, որ իշխանությունը խորագիտություն ցուցաբերի՝ առաջին հերթին հաշվի առնելով բարոյական պահը, հաշվի առնելով այն ոգեղեն էության հետ կապն ու խնդիրները, որոնք անվիճելիորեն կանգնած են՝ կապված այդ տարելիցի հետ: Մյուս կողմից՝ անթույլատրելի է, որ օրենքի այդպիսի ծանր խախտում արվի: Այդ օրը որևէ կերպ պետք է փոխվի, չնույնանա մեր քառօրյա պատերազմի տարելիցի հետ: Մանրամասները՝ տեսանյութում: