Միայն փաստաբանությամբ  գործն արդյունավետ չէ. Նիկոլայ Բաղդասարյանը միանում է «Ելք» դաշինքին

Միայն փաստաբանությամբ գործն արդյունավետ չէ. Նիկոլայ Բաղդասարյանը միանում է «Ելք» դաշինքին

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը որոշում է կայացրել մտնել քաղաքականություն։ Նա ցանկություն է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններին համագործակցել «Ելք» դաշինքի հետ և այդ ուժի կողմից էլ ռեյտինգայինով առաջադրվել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Բաղդասարյանը։ «Այնպես չէ, որ մեկ օրվա մեջ առաջացավ քաղաքականություն մտնելու այդ ցանկությունը։ Իմ գործունեության մեջ այս տարիների ընթացքում ես հասկացա, որ Հայաստանում առանց այդ գործիքի շատ դժվար է քո տեսակետն առաջ տանել։ Երբ դեմ ես գալիս մի պատի, պետք է հաջորդ քայլն անես այդ պատն անցնելու համար, քեզ քաղաքական գործիքներ են հարկավոր այս երկրում։ Իմ որոշումը երկար տարիների մտորումների արդյունք էր»,- ասաց Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ իր համար շատ ավելի նախընտրելի էր փաստաբան աշխատել։ Դա իրեն ձեռնտու է թե ֆինանսապես, թե այլ հանգամանքներով, սակայն հենց փաստաբանության ոլորտում աշխատելով է հասկացել, որ Հայաստանն այն պետությունն է, որտեղ օրենքը շատ քիչ է գործում։ «Երբ տեսնում ես, որ օրենքն ընդհանրապես չի գործում, և փաստաբան աշխատելով չես կարողանում քո գործն արդյունավետ իրականացնել, մտածում ես այլ լուծումներ գտնել, որպեսզի կարողանաս երկրում ինչ-որ բան փոխել։ Հուսով եմ, որ երկրում իրավիճակը կփոխվի, և ես նորից կվերադառնամ փաստաբանությանը»,- հավելեց Բաղդասարյանը։ Փաստաբանը երկար է ուսումնասիրել քաղաքական դաշտը, տարբեր քաղաքական ուժերի մոտեցումները և ընտրել է այն ուժը, որը իշխանական պրոյեկտ չէ, և որոշում է կայացրել համագործակցել հենց «Ելք» դաշինքի հետ։ «Ելք»-ում ևս բոլորը դրական են արտահայտվել Նիկոլայ Բաղդասարյանի որոշմանը։