Որ կուսակցությունից է առաջարկ ստացել և ում կմիանա Գործատուների միության նախագահը

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի միությունը պատրաստվում է միանալ Գագիկ Ծառուկյան դաշինքին, նշեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին և հավաստիացրեց, որ նման առաջարկ չի ստացել: «Առաջարկներ եղել են այլ տարբեր քաղաքական ուժերի կողմից, որևէ մեկին խոստումներ չեմ տվել: Վերջնական որոշում մենք դեռ չենք կայացրել: Այդպիսի առաջարկ եղել է Հրանտ Բագրատյանի կողմից, Վարդան Օսկանյանի կուսակցությունից, կիսատ թողնված առաջարկ եղել է ՀԱԿ-ի կողմից: Առաջարկները կշարունակվեն, և դա, կարծում եմ, պատահական չէ, մեր միությունը շատ մեծ է, հազարավոր անդամներ ունի»: Գ. Մակարյանի կարծիքով՝ այսօր կուսակցությունների հաղթանակի, հաջողության գործոնը ոչ թե նրանց անդամների թվաքանակով է պայմանավորված, այլ ուժեղ, ինտելեկտուալ գաղափարներ ներկայացնելով: «Շատ կուսակցություններ նախընտրում են ապագայից խոսել, ավելի շատ խոստումներն են գերակշռում, քան գործը: Դանակը ոսկորին է հասել. Հայաստանի տնտեսությունն այդ վիճակում է, եթե մենք տեսնենք, որ մեր միջամտությամբ կարող են կտրուկ դրական փոփոխություններ տեղի ունենալ, կփորձենք դա արագացնել: Մենք կարող ենք օգնել տարբեր կուսակցությունների, որ կուսակցությունները լավ ծրագրերով գան և լավագույնները հաղթեն: Դեռևս ոչ մի կուսակցության չենք հարում, ինձ համար նույնիսկ անհասկանալի է, թե ով ում հետ է միավորվում: Մարդիկ կան, որոնք երեկ պետական ապարատում էին, այսօր հակառակ կողմում են, տարբեր համբավի մարդիկ չգիտես ով ում հետ է միավորվում, և հասկանալի չէ, թե այդ միավորումները գծագրված են, պատահական են, թե կառավարվող մոդելի մեջ են: Ես անալիտիկ մտածելակերպ ունեմ, պետք է այս ամենը հասկանամ, որ կարողանամ ինչ-որ որոշման գալ: Ես գտնվում եմ չշտապելու ռեժիմի մեջ»,- նշեց Գ. Մակարյանը: Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ից առաջարկ ստանալու դեպքում միանաք նրան, Գագիկ Մակարյանը նշեց, որ նախ պետք է ճշտել, թե լինելով իր հետ՝ ի՞նչ են կարողանալու անել, ի՞նչ են ձեռք բերելու և ի՞նչ են կորցնելու. «Ինքնուրույնությունը ամենաբարձր արժեքն եմ համարում, եթե մենք պետք է դառնանք տվյալ կուսակցության կոնսպեկտի մի մասը, թե ինչ պիտի խոսենք, նման զոհաբերության չենք գնա: Ես ռացիոնալ մտածող եմ, ինձ դժվար կլինի պրիմիտիվ կերպով խաբել»: Մանրամասները՝ տեսանյութում: