Սատանաներով դաշինք են կնքում մեծ սատանայից ազատվելու համար. Ալբերտ Բաղդասարյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը: -Պարոն Բաղդասարյան, ներքաղաքական այս վերջին զարգացումների, դաշինքներ ստեղծելու շուրջ ի՞նչ կարծիք ունեք, արդյո՞ք դաշինքների տարիների փորձը հուշում է, որ այս անգամ ինչ-որ հաջողության կհասնեն ընդդիմադիր ուժերը: -Ձեր հարցի մեջ ենթատեքստով պատասխանը տվեցիք. այսքան տարիների փորձը արդեն ամեն ինչ հուշում է, բայց հետաքրքրականն այն է, որ ամեն տարի մտածում ենք՝ այս անգամ ուրիշ բան է լինելու: Ես հիշում եմ, որ այդպիսի ոգևորությամբ 98թ. ընտրություններին ԱԺՄ-ի նախընտրական շտաբի պետը իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ ասաց՝ այս անգամ կոտրելու ենք կեղծիքների մեխանիզմը և հաղթելու ենք: Եվ այդպես ամեն տարի առաջ են գալիս օպտիմիստներ, որոնց ես անվանում եմ ինքնախաբեությամբ ապրողներ, որոնք այս կամ այն փոքրիկ դետալի վրա սևեռվում են և, նայելով այդ փոքրիկ դետալային փարոսի լույսին, իրենց թվում է, թե դա ափն է, ու սկսում են նախընտրական երկամսյա օպտիմիստական ինքնախաբեության փուլը, բայց երբ որ տրամաբանական արդյունք է լինում, նրանք սկսում են փնտրել մեղավորներ: Եթե այսպես շարունակվի, արդյունքն ակնհայտ է: Ես կանխատեսում եմ, որ այս անգամ էլ հերթական պարտությունից հետո մեղավորներ կփնտրեն, մի նոր գիծ է վերցրված՝ ժողովրդին մեղադրել: Քանի որ «Սասնա ծռերի» ելույթից հետո շատացել են բոյկոտի կողմնակիցները, ընտրության արդյունքների համար բոյկոտի կոչ անողներին են մեղավոր համարելու և կաշառվող ժողովրդին, բայց ոչ երբեք այն կարճամիտ քաղաքական գործիչներին, որոնք առիթ-անառիթ, առանց մտածելու՝ ուղղակի կոչ են անում ժողովրդին՝ բոլորդ եկե՛ք ընտրության, այս անգամ փլուզվելու է, Ընտրական օրենսգրքի մեջ այսինչ կետը փոխել ենք և այլն: Եվ այդ դաշինքները, որ կազմվում են, ես միավորումները ողջունում եմ, բայց մեզ մոտ քաղաքական «վերնախավը» և իշխանությունը կտրված են ժողովրդից: Իսկ ժողովուրդը միավորված է՝ իր բոլոր հոգսերի մեջ: Այդ միվորվածության արդյունքը երևում է նաև համընդհանուր դժգոհությամբ, արտագաղթով, աշխարհի ամենաոչերջանիկ մարդիկ Հայաստանում են ապրում, և այդ ֆոնին կայանում են էլիտայի խմբավորումները, իշխանությունից դուրս են գալիս, օրինակ՝ Սեյրան Օհանյանը դուրս եկավ և միավորվեց Վիկտոր Դալլաքյանի հետ, որն այդ նույն իշխանության մեջ էր: Այդ միավորումների նույնիսկ կողմնակիցները սրտանց չեն միավորվում: Օրինակ՝ «Ելք» դաշինքի մեջ մտնող կուսակցություններն ունեն կողմնակիցիներ, նույնիսկ նրանք ամբողջ հոգով ոգևորված չեն միավորվում միմյանց հետ. ով տեղ ունեցավ ցուցակում, նա ոգևորվում է, ով չունեցավ՝ պասիվանում է: Հետևաբար այդ խմբավորումները, դաշինքներն իրար մեջ ինչ-որ խնդիրներ են լուծում, բայց բնավ չեն լուծում այն խնդիրը, որ միավորեն ժողովրդին, իրենք միավորվեն ժողովրդի հետ և արտահայտեն ժողովրդի կարծիքը: Բոլորին թվում է, թե գեղեցիկ ասված խոսքերին, խոստումներին դեռ հավատում են, նրանց բոլորի նպատակը մեկն է. մարդկանց ուղեղում ստեղծել քաոսային վիճակ, գեղեցիկ խոսքերի շարանով հույսեր արթնացնել: Բայց արդյունքը նորից լինելու է հիասթափությունը… -Հիմա կարծեք թե բոլորն են ցանկացած գնով միավորման գնում՝ առանց ինչ-որ բաներ հաշվի առնելու: -Դրա ակունքները վաղուց են գալիս, բայց ցայտուն ներկայացուցիչը Արտաշես Գեղամյանն է, որը ժամանակին ասում էր. «Ես սատանայի հետ էլ պատրաստ եմ դաշինք կնքել Ռ. Քոչարյանի կամ Ս. Սարգսյանի իշխանությունից ազատվելու համար», մինչև որ սատանայի հետ իսկապես դաշինք կնքեց և հայտնվեց սատանայանոցում, ինչպես հիմա է: Սատանաներով դաշինք են կնքում՝ մեծ սատանայից ազատվելու համար, որ մեծ սատանային փոխարինեն հաջորդ սատանայով: Այստեղ հարց է առաջանում, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում՝ միավորվում եք, որ ի՞նչ անեք: Սերժ Սարգսյանը միքայլանոց կոմբինացիաներով չի խաղում... Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: