Պետք է կանխել ազգային փոքրամասնության քողի ներքո կրիմինալի հետ կապ ունեցողների մուտքը ԱԺ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Կարիքների գնահատման առաքելություն»-ը զեկույցից արդեն հայտնի է, որ այս տարի սպասվող խորհրդարանական ընտրություններին 4 տեղ է հատկացվելու ազգային փոքրամասնություններին՝ մասնավորապես ասորիների, քրդերի, եզդիների և ռուսների համայնքից համապատասխան մեկական ներկայացուցիչ պետք է ներկայացված լինի ապագա խորհրդարանում: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որքանով է նպատակահարմար այս փոփոխությունը, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ այս գաղափարը բավական երկար ժամանակ քննարկվել է. «Գրեթե բոլոր ԸՕ-ներն ընդունելիս այս գաղափարն առաջ է քաշվել, կարծում եմ դա նորմալ որոշում է, նորմալ օրենսդրական պահանջ է: 4 ներկայացուցիչը ոչ շատ է ոչ քիչ, ընդհանուր քանակի մոտավորապես 5 տոկոսն է կազմելու: Դա ցույց է տալիս Հայաստանի իշխանության և ժողովրդի տոլերանտությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, որոնք որոշակի դեր ունեն երկրի կայացման գործում»: Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ ցանկացած երկրում ազգային փոքրամասնությունները փորձում են մոտ լինել իշխանությանը, թեկուզ իրենց ազգային իղձերն ի կատար ածելու համար: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ կան այն մասին, որ ազգային փոքրամասնությունները ձգտում են իշխող կուսակցության ցուցակում լինել. «Այդ պարագայում խորհրդարան մտնելու հնարավորությունները մեծ են»: Քաղտեխնոլոգի խոսքով՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները արտահայտելու են այն քաղաքական ուժի տեսակետը, որում կընդգրկվեն: Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ պետք է կանխել ազգային փոքրամասնության քողի ներքո կրիմինալի հետ կապ ունեցողների մուտքը ԱԺ. «Եթե կան մարդիկ, որոնք ուզում են մտնել խորհրդարան ազգային փոքրամասնության քողի ներքո և ավելի շատ կապված են կրիմինալ աշխարհի հետ, դա նորմալ երևույթ չէ, և այստեղ պետք է լինեն և օրենսդրական լուծումներ և ընտրողները պետք է լուծեն այդ հարցը. թող չընտրեն նրանց»:   Մանրամասները՝ տեսանյութում: