Հին Հունաստանից մինչև Ռիո. WADA-ն չի վերահսկում իրավիճակը

Հին Հունաստանից մինչև Ռիո. WADA-ն չի վերահսկում իրավիճակը

Պատմաբանները հիշատակում են, որ դեռևս մ․թ․ա․ 3-րդ դարում Հին Հունաստանում տեղի ունեցող Օլիմպիական խաղերում պատժի են ենթարկվել մարզիկներ, որոնք հաղթանակի հասնելու համար օգտագործել են արգելված խթանիչներ, կամ ինչպես ընդունված է ասել՝ դոպինգ: Այն ժամանակ մարզիկները առավել բարձր արդյունք ցույց տալու նպատակով գինի են խմել, որը լուծված է եղել ստրիխնին տեսակի խթանիչով: Ի դեպ, ստրիխնինը, որը պատրաստվում է արևադարձային չիլիբուխա կոչվող բույսի սերմից՝ իր մեջ մեծ քանակության թույն է պարունակում և օգտագործվում է բժշկության մեջ: 1885 թվականին տեղի ունեցած առաջին Օլիմպիական խաղերում ստրիխնին, ինչպես նաև կոդեին տեսակի խթանիչներ օգտագործելու համար ևս որակազրկվել են մի շարք մարզիկներ: 1904 թվականին Փարիզում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում մարաթոնային վազորդ Թոմաս Հիքսը ուշագնաց է եղել մրցուղում: Բժիշկները նրան ուշքի բերելու համար ստիպել են խմել բրենդի, որը լուծված է եղել ստրիխնինով: Անմիջապես ոտքի կանգնելով՝ Հիքսը դարձել է Օլիմպիական չեմպիոն: 20-րդ դարի առաջին կեսում համաշխարհային սպորտում տարածված է եղել անֆիտամին տեսակի դոպինգը: Այնուհետ տարածում են գտել անաբոլիկ ստերոիդներն ու դիուրետիկները: 2000 թվականը արգելված խթանիչների առումով դարձավ շրջադարձային: Ի հայտ եկան գենային դեղանյութերը, որոնք օգտագործում են ծանր հիվանդությունների դեմ՝ շաքարային դիաբետ, հեմոֆիլիա, Պարկինսոնի հիվանդություն... 2004 թվականի փետրվարին, Համաշխարհային հակադոպինգային կոմպիտեի՝ WADA-ի նախագահ Ռիչարդ Պաունդը, ընդունելով գենդոպինգի առկայությունը՝ հայտարարել էր, որ Աթենք-2004-ում չեն լինի այս տեսակ դեղամիջոցի օգտագործման դեպքեր: Պաունդը վստահեցրել էր նաև, որ գենդոպինգը տոն չի տա նաև 2008 թվականի Լոնդոնի օլիմպիադայում: Պաունդի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ WADA-ն պատրաստ չէր բացահայտելու գենայի դոպինգի օգտագործումը: Ի դեպ, պաշտոնապես գենդոպինգ օգտագործած և որակազրկված միակ մարզիկը ռուսաստանցի չմշկասահորդ Սերգեյ Լիսինն է: Այս մասին հայտարարվել էր 2012 թվականին, Օլիմպիական խաղերից երեք ամիս անց: WADA-ի կողմից, սակայն, ոչ մի գիտական եզրակացություն չէր ներկայացվել Լիսինի խթանիչ օգտագործելու մասին: Այսօր չկան նաև ապացույցներ գենային դոպինգի նեգատիվ և կողմնակի ազդեցության վերաբերյալ: Այդուհանդերձ, մարզիկների շարքում խոսվում է, որ գենդոպինգը, որը անհավանական կերպով բարելավում է մարզիկի ֆիզիկական պատրաստակամությունն ու դիմացկունությունը, ժամանակի ընթացքում արյան քաղցկեղ է առաջացնում: Գերմանացի գիտնականների համոզմամբ՝ Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում մարզիկների մոտ 60 տոկոսը հանդես է եկել գենային դոպինգի ազդեցության տակ: Ինչ է ստացվում. այսօր WADA-ն որակազրկում է տարատեսակ դեղատեսակներ օգտագործած հազարավոր մարզիկների՝ չկարողանալով պատժել խթանիչներ օգտագործած գլխավոր զանգվածին: Համաշխարհային սպորտում հաջողության հասնելու համար՝ ուղղակի անհնար է չդիմել դեղատեսակների և խթանիչների օգտագործմանը: WADA-ն էլ օր օրի մեծացնում է արգելված և խթանիչ հանդիսացող նյութերի ցուցակը: Հազարավոր մարզիկներ որակազրկման և պատժամիջոցների են ենթարկվում թյուրիմացության հետևանքով՝ տեղյակ չլինլերով, որ օգտագործված դեղատեսակը հայտնվել է արգելվածների շարքում, կամ նոր կանոնադրության համաձայն՝ որքան կարելի է օգտագործել չարգելված հաբը կամ նյութը: Միայն 2015 թվականին WADA-ն որոշեց, որ Միլդրոնատ տեսակի դեժամիջոցը, որը վաճառվում է մոտ 300 դրամով, համարվում է արգելված՝ որակազրկելով բազմաթիվ ռուսաստանցի մարզիկների: Չցանկանալով ընդունել, որ այսօր սպորտային բժշկությունը ի զորու չէ բացահայտելու գենային դոպինգի օգտագործումը, WADA-ն իր գործունեության արդյունավետությունը ապացուցելու համար, կոպիտ ասած՝ մուկ ու կատու է խաղում մարզաշխարհի ներկայացուցիչների հետ: Օլիմպիական խաղերը, ըստ էության, դարձել են դոպինգային խաղեր: Շուտով սպորտային գլխավոր մրցումը կարելի կլինի անվանակոչել գիտական խաղեր: Ուշագրավ է, որ գիտակցաբար արգելված խթանիչ օգտագործած մարզիկների մոտ 82 տոկոսը նման քայլի դիմելը բացատրել է մարզասերների ուշադրությունը գրավելու մեծ ցանկությամբ: Նրանց մոտ 26 տոկոսը դոպինգի օգտագործումը նորմալ է համարում բարձր արդյունքի հասնելու համար: Ակնառու է, որ մարզիկները միշտ օգտագործել են և օգտագործելու են դոպինգ: Գիտությունը զարգանում է, իսկ WADA-ն չի կարողանում վերահսկել իրավիճակը: