Ռուսաստանի որոշումը կնպաստի հայկական բասկետբոլի զարգացմանը. Արթուր Նազարյան

Ռուսաստանի որոշումը կնպաստի հայկական բասկետբոլի զարգացմանը. Արթուր Նազարյան

Վերջին տարիներին լեգեոներների քանակի վերաբերյալ սահմանված լիմիտը լուրջ խոչընդոտ է հանդիսացել հայ մարզիկների ռուսական տարբեր լիգաներում հանդես գալու համար: Հատկապես խաղային մարզաձևերում Հայաստանի քաղաքացի հանդիսացող մարզիկները մեծ դժվարությամբ են տեղափոխվում ռուսաստանյան ակումբներ: Վերջիններս կազմն ուժեղացնելու նպատակով՝ ծախսելով մեծ գումարներ հրավիրում են ճանաչված մարզիկների: Երիտասարդ և հեռանկարային մարզիկները, որոնք ռուսական լիգաներում կարող են հմտանալ և սպորտային առումով աճել, հայտնվել են խաղից դուրս վիճակում: Թվում էր, թե ԵՏՄ-ի ստեղծումը կլուծի այս խնդիրը և պրոֆեսիոնալ մարզիկները, ինչպես այլ մասնագիտությունների տեր անձինք, կկարողանան առանց արգելքների գործունեություն ծավալել Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում և միության անդամ այլ երկրներում: Սպորտի ոլորտում, սակայն, Ռուսաստանի դիրքրոշումը բավական խիստ է և առկա խնդիրը մնացել է օրակարգում: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան դեռևս անցյալ տարի դիմել է սպորտի նախարարություն, որպեսզի ՀՀ քաղաքացիություն ունեցող բասկետբոլիստները ռուսական լիգաներում չհամարվեն լեգեոներներ: Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»‑ը զրուցեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ: - Պարոն Նազարյան, անցյալ տարի «Ուրարտու» բասկետբոլային թիմը, որը մասնակցում էր Ռուսատանի Սուպերլիգային, լուրջ խնդիրներ ունեցավ՝ կապված լեգեոներների հետ: Ինչպե՞ս մասնավորապես այն դրսևորվեց: - Խնդիրն իրականում ավելի շուտ էր ծագել, քանի որ Հայաստանի հավաքականում հանդես եկած խաղացողները Ռուսաստանում սկսեցին համարվել լեգեոներ և հիմնականում դուրս մնացին իրենց ակումբներից: Լեգեոներներ կարող են լինել միայն ՎՏԲ լիգայում և Սուպերլիգա-1-ում, իսկ ահա Սուպերլիգա-2-ում և 3-ում այլ քաղաքացիություն ունեցող խաղացողներ ընդհանրապես իրավունք չունեն հանդես գալ: Բացի այդ, Սուպերլիգա-1-ում թիմերը կարող են ունենալ առավելագույնը 3 լեգեոներ և նրանց համար պետք է վճարեն մուտքավճար: «Ուրարտու» թիմում հավաքվել էին հիմնականում այն խաղացողները, ովքեր Ռուսաստանում հայկական անձնագրի պատճառով առանց թիմ էին մնացել: - Կարելի է ասել, որ Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիան այս կերպ անտեսում է ԵՏՄ համաձայնագիրը քաղաքացիների անարգել աշխատելու վերաբերյալ: - Մենք վաղուց աշխատում ենք այս ուղղությամբ և բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել ռուսական կողմի հետ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիան կատարում է սպորտի նախարարարության պահանջը, իսկ սպորտի նախարարությունը ֆեդերացիաներին պարտադրել է սահմանափակել այն խաղացողների թիվը, ովքեր իրավունք չունեն հանդես գալ Ռուսաստանի հավաքականներում: Իսկ մենք ասում ենք, որ իրավաբանորեն ՀՀ քաղաքացիները չպետք է համարվեն լեգեոներ, քանի որ Եվրասիական միության օրենսդրությանը դա հակասում է: Բասկետբոլիստները աշխատանքային պայմանագրեր են կնքում իրենց ակումբների հետ և նրանց աշխատանքային գործունեությունը խոչընդոտվում է: Ժամանակին նույնը եղել է Եվրամիությունում, սակայն աստիճանաբար ամեն ինչ փոխվել է և սահմանափակումները հանվել են: - Պաշտոնական նամակով ՀԲՖ-ն արդեն իսկ դիմել է ՌԴ սպորտի նախարարություն: Ե՞րբ եք ակնկալում վերջնական հստակեցում: - Մենք դիմել ենք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությանը, ապա այդ դիմումի վրա նախարարությունը դիմել է կառավարությանը: Կառավարությունն իր հերթին դիմել է ԵՏՄ ին, և որոշ ժամանակ անց տեղի ունեցավ ինտերակտիվ քննարկում բոլոր կողմերի մասնակցությամբ: Քննարկումը բավական երկար էր և բովանդակալից: Բելառուսի, Ղրղըզստանի և Ղազախստանի ներկայացուցիչները ևս իրենց մտահոգությունը հայտնեցին այս կապակցությամբ, քանի որ նրանց մարզիկները ևս լեգեոներներ են համարվում։ Այժմ սպասում ենք հետագա զարգացումներին: - Փաստորեն, Ռուսաստանը պետական մակարդակով խտրական վերաբերմունք է ցուցաբերում ԵՏՄ անդամ երկրների մարզիկների նկատմամբ: - Չեմ կարծում: Պարզապես Եվրասիական տնտեսական միությունը նոր կառույց է և ժամանակ է պետք, որ այս հարցերը կարգավորվեն: Ժամանակին նույնը եղել է նաև Եվրամիությունում, սակայն աստիճանաբար ամեն ինչ կարգավորվել է: Պարզապես պետք է հետևողական լինել և անընդհատ բարձրացնել այս հարցը: - Հայաստանցի քանի՞ բասկետբոլիստներ են կանգնել այս խնդրի առջև: - Մոտ 10 խաղացողներ այսօր այդ խնդրի պատճառով չեն կարողանում թիմ գտնել: Այս թիվը ընթացքում կարող է աճել: - Իսկ ռուսական ակումբները հետաքրքրվա՞ծ են մեր խաղացողների ծառայություններով: - Այո, եթե սահմանափակումներ չլինեն, ապա մեր խաղացողները հեշտությամբ կգտնեն ակումբներ: Օրինակ՝ Ամիրան Ամիրխանովի նման փորձառու խաղացողի կարիք շատերն ունեն: Կոնստանտին Միրզոյանցը մշտապես առաջարկներ ունի տարբեր ակումբներից: Մյուսներն էլ հեշտությամբ կարող են խաղալ առնվազն Սուպերլիգա-2-ում: - Կարելի՞ է ասել, որ հայկական բասկետբոլի ապագան այսօր կախված է ռուսական կողմի որոշումից: - Այսպես ասեմ, այդ որոշումը շատ կարևոր է և մեծ օգուտ կտա մեր ոչ միայն բասկետբոլին, այլ ընդհանրապես հայկական սպորտին: Ես տեղյակ եմ, որ նույն խնդիրը կա նաև ֆուտբոլում:   Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի