Բուքմեյքերական ընկերությունները դիմել են կտրուկ գործողությա՞ն

Բուքմեյքերական ընկերությունները դիմել են կտրուկ գործողությա՞ն

Նախորդ շաբաթ, հանգստյան օրերին եվրոպական թոփ-առաջնություններում արձանագրված արդյունքները ֆուտբոլային աշխարհում լայն քննարկման առիթ հանդիսացան: Մասնավորապես՝ Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում և Գերմանիայում հիմնական ֆավորիտների շարքում դասվող թիմերը ձախողվեցին: Ինչ խոսք՝ պարտությունից ապահավագրված չէ ոչ մի ուժեղագույն թիմ: Երբ ժամանակ առ ժամանակ պարտվում կամ ոչ ոքի է խաղում, ասենք՝ «Բարսելոնան» ֆուտբոլասերները տեղի ունեցածը որակում են անսպասելի կամ սենսացիոն արդյունք, քանզի բոլորն են գիտակցում, որ անհնար է շարունակ հաղթել: Բայց երբ երկու օրվա ընթացքում անհաջողության են մատնվում միանգամից 4-5 հեղինակավոր ակումբներ՝ շատերը սկսում են խոսել համաշխարհային ֆուտբոլում առկա նեգատիվ մի երևույթի մասին: Խոսքը պայմանավորված հանդիպումների մասին է, որոնք հաճախ տեղի են ունենում բուքմեյքերական խոշոր ընկերությունների միջնորդությամբ: Հայտնի է, որ համաշխարհային շուկայում ամենաշատը խաղադրույքներ են կատարվում հենց ֆուտբոլային հեղինակավոր ակումբների մասնակցությամբ հանդիպումներում: Ավելի ստույգ՝ գրանդ ակումբների երկրպագուները սովորաբար փորձում են հաճելին համատեղել օգտակարի հետ: Եթե օրինակ՝ Մադրիդի «Ռեալը» հաղթանակ է տանում՝ այս թիմի երկրպագուն բացի դրական էմոցիաներից նաև որոշակի ֆինանսական շահույթ է ստանում: Բնական է, եթե գրանդ ակումբները շարունակ հաղթեն, ապա բուքմեյքերական ընկերությունները զգալիորեն կտուժեն: Եվ այսպես՝ շաբաթ և կիրակի օրերին ներքին առաջնություններում անհաջողության մատնվեցին Թուրինի «Յուվենտուսը», Մադրիդի «Ռեալը», Դորտմունդի «Բորուսիան» և «Մանչեսթեր Սիթին»: Վերջինս 4:0 հաշով սենսացիոն պարտություն կրեց «Էվերտոնից»: Մանչեսթերյան թիմի հաղթանակը բուքմեյքերները խաղից առաջ գնահատել էին 1.8, իսկ դաշտի տերերի հաղթանակ 4.15 գործակցով: Ի դեպ, 1.8 գործակցով էր գնահատված նաև «Յուվենտուսի» և «Ռեալի» հաղթանակը: Հիշեցնենք, որ «Ռեալը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով զիջեց «Սևիլիային», իսկ «Յուվենտուսը» նույն հաշվով՝ «Ֆիորենտինային»: 1.7-1.9-ը խաղադրույքի սիրահարների կողմից համարվում է օպտիմալ, կամ ինչպես ընդունված է ասել մետաղյա գործակից: Ավելի ստույգ՝ 1.8-ի դեպքում բացի հաղթելու բարձր հավանականությունից, որոշակիորեն պատկառելի է հնարավոր շահումի չափը: Իսկ երբ նման գործակից է սահմանված վերը թվարկված ակումբների մասնակցությամբ խաղերում, ապա խաղադրույք կատարելու գայթակղությունն ու ցանկությունը կրկնակի մեծանում է: Նախորդ շաբաթվա սկզբից կազմակերպությունները, որոնք զբաղվում են սպորտային մրցավեճերի գուշակությամբ՝ խաղադրույքի սիրահարներին հորդորում էին անպայման գումար դնել այս երեք թիմերի հաղթանակների համար: Առկա էին բավական համոզիչ վերլուծություններ, որոնք էլ ավելի համոզիչ էին դարձնում գրանդների հաղթանակի հնարավորությունը: Դժվար չէ պատկերացնել, թե համաշխարհային շուկայում քանի միլիոն մարդ է խաղադրույք կատարել «Ռեալի», «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի համար: Դժվար չէ պատկերացնել նաև, թե որքան եկամուտ են ունեցել բուքմեյքերական ընկերությունները պարտված խաղադրույքների արդյունքում: Իրականում դժվար է միանշանակ ասել՝ հեղինակավոր այս թիմերի պարտությունները բուքմեյքերների գերշահույթ ստանալու նպատակ է ունեցե՞լ, թե՞ ոչ: Չկան փաստեր: Ոմանք համոզված են, որ տարեսկզբին ֆինանսական դրությունը կարգավորելու նպատակող բուքմեյքերները դիմել են կտրուկ գործողության: Համենայնդեպ, փաստ է, որ թվարկված չորս թիմերի անհաջողությունները երկու օրվա ընթացքում զգալիորեն բարելավել են խաղադրույքներ ընդունող ընկերությունների ֆինանսական դրությունը: Ինչ վերաբերվում է Դորտմունդի «Բորուսիային», ապա վերջինս սեփական հարկի տակ ոչ ոքի՝ 1:1 խաղաց «Աուգսբուրգի» հետ: Հ.Գ. Բուքմեյքերական ընկերությունները հանգստյան օրերին բարձր եկամուտ են ստացել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» սայթաքումից: «Լիվերպուլի» հետ մրցավեճում «Յունայթեդի» հաղթանակն ուներ 2.1 գորածկից: Մանչեսթերյան ակումբի վերջին հանդիպումներում ցուցադրած արդյունավետ և մոտիվացված խաղը շատերին է ստիպել հավատալ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակին նաև «Լիվերպուլի» հետ դերբիում: