Ադրբեջանական բլեֆ, կամ խաբկանքի էժանագին մեխանիզմ

Ադրբեջանական բլեֆ, կամ խաբկանքի էժանագին մեխանիզմ

2015/2016 թթ. մրցաշրջանի վերաբերյալ ՈւԵՖԱ-ի պաշտոնական զեկույցում ուշագրավ վիճակագրական փաստի ականատեսը եղանք: 2014/2015 մրցաշրջանի համեմատ՝ ֆուտբոլի Ադրբեջանի առաջնության հանդիպումներին երկրպագուների այցելության ցուցանիշն աճել է 99 տոկոսով: Ինչ խոսք, սա կարելի անհավանական երևույթ որակել, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարիներին հարևան երկրում ֆուտբոլի մակարդակը էական փոփոխության չի ենթարկվել: ՈւԵՖԱ-ի տվյալների համաձայն՝ 2015/2016 մրցաշրջանին Ադրբեջանում ներքին առաջնության հանդիպումներին այցելել է 464.429 հանդիսական: Նախորդող մրցաշրջանում Ադրբեջանում մարզադաշտ այցելուների թիվը եղել է 234 հազար: Փորձելով պարզել հարևան երկրի նման ցուցանիշի գրավականը՝ ականատեսը եղանք մեկ այլ ուշագրավ վիճակագրական փաստի: Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ մարզադաշտ այցելած մոտ կես միլիոն ֆուտբոլասերներից 240.650-ը ներկա են գտնվել Գյանջայի «Քյափազ» թիմի մասնակցությամբ խաղերին: Գյանջան, որը նախկին Կիրովաբադն է, բնակչության ցուցանիշով երրորդն է Ադրբեջանում: Վերջին տվյալների համաձայն՝ այս քաղաքում բնակվում է 322 հազար մարդ: Կարծում ենք՝ մեկնաբանությունն ավելորդ է: Գործնականում անհնար է, որ 320 հազար բնակչություն ունեցող քաղաքում 240 հազարը լինեն ֆուտբոլային թիմի ֆանատ և ներկա գտնվեն ներքին առաջնության հանդիպումներին: Ի դեպ, «Քյափազը» Ադրբեջանում համարվում է միջին մակարդակի թիմ և այս պահին ութ թիմերի մրցապայքարում միայն 8-րդն է: Գյանջայի ակումբում չեն խաղում նաև ճանաչված լեգիոներներ, որոնք կստիպեն մարզասերներին այցելել մարզադաշտ: 2016 թվականին «Քյափազը» մասնակցել է Եվրոպա լիգայի խաղարկության ընտրական մրցաշարին: Եթե այս ակումբն իսկապես մասսայականություն է վայելում մարզասերների շրջանում, ապա միջազգային հանդիպման ժամանակ մարզադաշտում պետք է ներկա գտնվեր գոնե 20 հազար հանդիսական: Ներկայացված տեսանյութում «Քյափազը» մրցում է Քիշնևի «Դաչիայի» հետ: Նկատենք, որ կիսադատարկ մարզադաշտում ներկա գտնվող ֆուտբոլասերների թիվը հազիվ թե գերազանցի հազարը: Դիտելով «Քյափազի» մասնակցությամբ սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումների տեսանյութերը՝ պարզ է դառնում, որ ներկայացված ցուցանիշը բլեֆի, կեղծարարության արդյունք է: Նախորդ մրցաշրջանի Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլին մասնակցեցին «Ղարաբաղը», «Գաբալան», և ըստ տրամաբանության՝ հենց այս թիմերը պետք է ազգաբնակչության շրջանում ամենամեծ մասսայականությունը վայելեն: «Ղարաբաղի» մասնակցությամբ հանդիպումներին, սակայն, այցելել է ընդամենը 30 հազար հանդիսական: ՈւԵՖԱ-ի զեկույցի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում մարզադաշտ այցելության ցուցանիշով երկրորդ հորիզոնականում է Իսրայելը: Այս երկրի ազգային առաջնության հանդիպումներին այցելության թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 41 տոկոսով: Նախօրեին թե՛ ադրբեջանական և թե՛ միջազգային ԶԼՄ-ները ողողված էին «Ադրբեջանի ցնցող արդյունքը», «Ադրբեջանն ապշեցրել է Եվրոպային» և նմանատիպ այլ վերնագրերով նյութեր: Հրապարակելով զեկույցը՝ ՈւԵՖԱ-ն հիմք է ընդունում իր անդամ երկրների ֆեդերացիաների և թիմերի ներկայացված տվյլաները: Դիմելով ակնհայտ խաբկանքի՝ ադրբեջանցիները փորձել և համոզել են, թե իրենց երկրում ինչպիսի տեմպերով է զարգանում և մասսայական դառնում ֆուտբոլը: Համաձայնեք՝ կեղծիքի մեխանիզմը չափից ավելի ակնհայտ է: Եթե օրինակ՝ այցելության թիվը կեղծիքի միջոցով ավելացվեր ոչ թե 99, այլ ասենք՝ 35 տոկոսով և հավասարապես բաշխվեր բարձրագույն լիգայի ութ թիմերի միջև, ապա դժվար թե կռահելի լիներ բլեֆի գործոնը: Այս կերպ ֆուտբոլի մասսայականությունը դե ֆակտո չի մեծանա: 8312fc2d8904ee50c3468c13944d0c16377c0e17105dbb0af1pimgpsh_fullsize_distr