Մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը կգրավի «Լիվերպուլի» դարպասը. Լևոն Պաչաջյան

Մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը կգրավի «Լիվերպուլի» դարպասը. Լևոն Պաչաջյան

Հանգստյան օրերին ֆուտբոլային աշխարհի գլխավոր իրադարձությունը «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումն է: Դիմակայությունում Հենրիխ Մխիթարյանի դերակատարման, ինչպես նաև կողմերի հնարավորությունների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանի հետ, ով ներկայում հանդես է գալիս Շվեդիայի «Սեդերտելյե» թիմում: - Լևոն, ի՞նչպես ես գնահատում կողմերի հնարավորությունները սկզբունքային մրցավեճում: - Կարծում եմ՝ շանսերը հավասար են, բայց մի փոքր նախապատվություն կտայի «Յունայթեդին»: Ոչ միայն նրա համար, որ այնտեղ Մխիթարյանն է խաղում, այլ ընդհանուր առմամբ «Մանչեսթերը» վերջին շրջանում շատ կայուն խաղ է ցուցադրում, և եթե չեմ սխալվում՝ 8 անընդմեջ հաղթանակ է տարել։ - Ի՞նչ ես կարծում՝ Մոուրինյոն մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կբերի՞ Մխիթարյանին՝ գիտակցելով, որ Յուրգեն Կլոպը քաջատեղյակ է նրա ուժեղ և թույլ կողմերին: - Կարծում եմ՝ ԱՊԼ-ում բոլորը բոլորից այնքան տեղյակ են, որ նման կերպ եթե դատենք, ուրեմն ամեն խաղին նոր 11 հոգի պետք է դաշտ դուրս բերել։ Կարծում եմ՝ Մխիթարյանն արժանի է մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելուն՝ անկախ Կլոպի հանգամանքից։ Եվ դա ասում եմ ոչ թե նրա համար, որ նա մեր պարծանքն է, այլ ուղղակի այս պահի դրությամբ ավելի լավը չկա իր դիրքում։ Կարծում եմ՝ նա կխաղա մեկնարկից։ - Որպես փորձառու կիսապաշտպան և Մխիթարյանի խաղընկեր՝ նրան ո՞ր դիրքում ես տեսնում «Լիվերպուլի» դեմ խաղում: - Ես միշտ նրան տեսել եմ հարձակման գծում։ Կուզենայի նրան ավելի շատ տեսնել տուգանային հրապարակում 10 համարի դիրքում։ Բայց եզրերում էլ նրա մոտ լավ է ստացվում, այնտեղ ազատ տարածություններ շատ կան, և հաճախ նա կարողանում է իր արագությունը և դրիբլինգը ցուցադրել։ - Իսկ ինչպե՞ս ես գնահատում Մխիթարյանի գոլ խփելու հնարավորությունը: - Կարծում եմ՝ նա հնարավորություն կունենա, և մեծ է հավանականությունը, որ բոլորիս նորից կուրախացնի իր հիանալի գոլերով։ Այսպիսի խաղերում լարվածությունը ավելի բարձր կարող է լինել, բայց Մխիթարյանը արդեն մեծ փորձ ունի, և վստահ եմ՝ իր շանսը կօգտագործի։ - Մոուրինյոն վերջին հանդիպումների խաղավերջում փոխարինում է նրան, ո՞րն է պատճառը՝ ըստ քեզ: - Գիտեք, մարզիչները տարբեր են, և ամեն մեկն իր պլաններն ունի: Խաղի ընթացքում նրանց մտքում հազար ու մի բան է պտտվում։ Այդ փոխարինումները չեմ կարծում, որ կապված են Մխիթարյանի խաղի հետ, այլ ավելի շուտ տակտիկական բնույթ են կրում։ Եթե հաշվի առնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գծում բավականին մեծ մրցակցություն կա, ապա կարելի է հասկանալ, որ այդ փոփոխությունը շանս է այլ խաղացողներին։ Եվ համաձայնեք, որ խաղացողները բարձրակարգ են, և բոլորին էլ խաղաժամանակ է հարկավոր։ - Ըստ քեզ՝ կիսապաշտպանական և հարձակողական օղակների ֆուտբոլիստներից հատկապես ո՞ւմ հետ է ավելի հաջող համագործակցում Մխիթարյանը: - Կարծում եմ՝ շատ լավ է ստացվում Զլատանի հետ խաղը: Հիշենք նրանց փայլուն գոլը, որը ծնվեց Հենոյի՝ կրնկով փոխանցումից հետո։ Կարիկն է շատ լավ գտնում Մխիթարյանին... Ռունիի հետ էր շատ լավ համագործակցությունն առաջին խաղերում, բայց, ցավոք, «Մանչեսթերի» ռմբարկուն շատ խաղաժամանակ չի ստանում, և խոսակցություններ կան, որ նա շուտով կլքի թիմը։ Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, դեռ ավելացնելու տեղ կա։ Հարցն այն է, որ Հենոյի կողքին խաղում են Զլատանը, Պոգբան... Մեկը մեծ հեղինակություն ունի, և խաղացողները ձգտում են նրան գնդակ մատակարարել անգամ այն դեպքում, երբ այլ խաղընկերները ավելի լավ դիրքում են գտնվում: Իսկ մյուսը ամենաթանկ ֆուտբոլիստն է և նույնպես ուշադրության կարիք ունի։ Բայց Հենոն իր տեղը ամեն դեպքում գտել է և դեռ էլ ավելի արդյունավետ կգործի։ - Խոսենք նաև քո մասին: Ինչպե՞ս են ընթանում գործերդ Շվեդիայում: Պատմիր թիմի և քո հաջողությունների մասին: - Նոր ենք սկսել նախապատրաստվել մրցաշրջանին։ Անցած տարվա մասին խոսելով՝ կարող եմ ասել, որ անձամբ ինձ համար վատ մրցաշրջան չէր։ Եղան գոլեր և գոլային փոխանցումներ։ Ափսոս, որ թիմն անկայուն ելույթ ունեցավ, և մենք մոտ էինք անգամ 2-րդ դիվիզիոնը լքելուն: Բայց փլեյ-օֆում կարողացանք հաղթանակ տանել և տեղը պահպանել 2-րդ դիվիզիոնում։ Այս տարի «Սեդերտելյեն» ավելի լավ է սկսել նախապատրաստվել, և թիմում ցանկություն կա բարձր տեղերի համար պայքարելու։ Տեսնենք՝ ինչպես կստացվի։ - Ապագայի վերաբերյալ ի՞նչ ծրագրեր ունես: Երկա՞ր կմնաս Շվեդիայում: - Տեսնենք... Այս պահին պլաններս Շվեդիայի հետ են կապված բայց չեմ բացառում նոր երկիր տեղափոխվելս։ Ֆուտբոլային տեղափոխությունները անկանխատեսելի են։