Ուկրաինան ԱՄՆ նախընտրական արշավի ժամանակ օգնել է Հիլարի Քլինթոնին. ԶԼՄ-ներ

Ուկրաինան ԱՄՆ նախընտրական արշավի ժամանակ օգնել է Հիլարի Քլինթոնին. ԶԼՄ-ներ

Ամերիկյան Politico պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներկայացուցիչները փորձել են ԱՄՆ նախընտրական կամպանիայի ժամանակ օգնել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Ընդգծվում է, որ ուկրաինական ծագմամբ խորհրդատուն, ով օգնել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեին, Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատանը հանդիպել է ուկրաինական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Նրա առաջադրանքը եղել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և նրա նախընտրական շտաբի ղեկավարներից Փոլ Մանաֆորտի կապերի բացահայտումը Ռուսաստանի հետ։ Դա միտված էր Թրամփի հեղինակությանը վնաս պատճառելուն։ Հաղորդվում է, որ Մանաֆորտը Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը գլխավորել է 2016 թվականի հունիսին, սակայն հրաժարական է տվել արդեն օգոստոսին։ Մանաֆորտը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական է, որին Վաշինգտոնում ավանդաբար համարել են ռուսամետ։ Օգոստոսին The New York Times-ը գրել էր, որ Մանաֆորտը գրեթե 13 միլիոն դոլար է ստացել ուկրաինական Ռեգիոնների կուսակցությունից։