2016 թվականին քրիստոնյաների համար ամենավտանգավոր երկրներ են ճանաչվել ԿԺԴՀ-ն ու Սոմալին

2016 թվականին քրիստոնյաների համար ամենավտանգավոր երկրներ են ճանաչվել ԿԺԴՀ-ն ու Սոմալին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականին քրիստոնյա երկրների համար առավել վտանգավոր երկրներ են ճանաչվել Հյուսիսային Կորեան ու Սոմալին։ Բացի այդ, նրանց հանդեպ խտրականության էական աճ է գրանցվել Հնդկաստանում։ Այդ մասին հայտնել է Open Doors քրիստոնյաներին հալածանքներից պաշտպանելու համար միջազգային կազմակերպությունը։ Վերջինիս տվյալներով՝ 2015 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներում սպանվել է մոտ 1200 քրիստոնյա՝ կապված իրենց հավատքի հետ։ Ընդ որում՝ քրիստոնյաների շրջանում սպանությունների ամենամեծ մասը կատարվել է Նիգերիայում, որտեղ զոհվել է առնվազն 695 մարդ։ Open Doors-ի ցուցակում ընդգրկվել է 50 երկիր, որոնց 16-րդ անգամ անընդմեջ գլխավորել է Հյուսիսային Կորեան։ Ցուցակում ԿԺԴՀ-ին հաջորդում են Սոմալին, Աֆղանստանը, Պակիստանը և Սուդանը։ Իրաքն ու Սիրիան նահանջ են ապրել մեկ հորիզոնականով։ Գիտնականները դա շաղկապում են տվյալ երկրներից քրիստոնյա բնակչության գաղթի հետ։ Իրավապաշտպաններն ընդգծում են, որ օրինակ՝ Հալեպում մինչև 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկն ապրում էր ավելի քան 400.000 քրիստոնյա, մինչդեռ ներկայումս նրանց թիվը չի գերազանցում 60.000-ը։ 50 երկրների թվում գործնականում չկան եվրոպական երկրներ։ Թուրքիան զբաղեցրել է 37-րդ տեղը, իսկ Ղազախստանը՝ 43-րդ տեղը։