ՀՀԿ-ի կոկորդի վանաձորյան ոսկորը

ՀՀԿ-ի կոկորդի վանաձորյան ոսկորը

Արդեն մոտ երեք ամիս շարունակվող վանաձորյան «դրաման» նոր զարգացում կարող է ստանալ, քանի որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ կառավարությանն է ներկայացվել Վանաձորի՝ արդեն երեք ամիս փաստացի չգործող ավագանին լուծարելու, այսինքն՝ նոր ընտրություն կազմակերպելու նախաձեռնությունը: Հոկտեմբերին Վանաձորում տեղի ունեցած ընտրությանը ՀՀԿ-ն չհավաքեց այնքան ձայն, որ կարողանա միանձնյա ընտրել քաղաքապետի: ՀՅԴ-ն չկարողացավ մտնել ավագանի և օգնել ՀՀԿ-ին, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԲՀԿ կուսակցություններն էլ միասին պայմանավորվեցին ընտրել իրենց քաղաքապետին, որը լինելու էր երկրորդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն: Բայց տեղի ունեցավ քաղաքագիտական տեսանկյունից անոմալ, իսկ Հայաստանի քաղաքական իրականության տեսանկյունից միանգամայն բնական մի բան: Երեք կուսակցությունների համախառն պատգամավորներից չորսը ավագանում փակ քվեարկության ժամանակ ձայնը տվեցին ՀՀԿ թեկնածուին: Նրանց «հայտնաբերելու» համար «Լուսավոր Հայաստան»-ը առաջ քաշեց բոյկոտի գաղափարը: ՀՀԿ քաղաքապետը չի կարողանում ավագանու նիստ հավաքել ու աշխատել, քանի որ դրա համար պետք է քվորում: Քվորումի համար պետք է ներկայանան նաև այն «ընդդիմադիր» պատգամավորները, որոնք ձայնը տվել էին ՀՀԿ թեկնածուին: Ու քանի որ նրանք չեն կարող արդեն քվեարկության նման փակ ներկայանալ, պարզ կլինի, թե ովքեր են «դավաճանները»: Ահա այս մեխանիզմը աշխատում է արդեն երեք ամիս, և ՀՀԿ քաղաքապետը չի կարողանում գործել, որովհետև իրականում չունի պարզ, իսկ ավելի ճիշտ կլինի ասել «ազնիվ մեծամասնություն»: Իրավիճակը արդեն աստիճանաբար սկսել էր նույնիսկ մոռացվել և «Լուսավոր Հայաստան» ը կատարում է նոր քայլ: Ինչ խոսք, մոռացությունը անհնար էր գործնականում, տվյալ պարագայում հետաքրքրականն այն է, թե ինչ տարբերակներ ունի իշխանությունը և այն ուժերը, որոնց ավագանու անդամներից չորսը կատարել են «դավաճանությունը»: Բացառված չէ իհարկե, որ այդ կուսակցությունների ղեկավարության համար էլ պարզ չէ, թե հատկապես ովքեր են խախտել երեք ուժերի պայմանավորվածությունը: Թեկուզ թույլ, բայց տեսականում հնարավոր է, որ ղեկավարները իսկապես անտեղյակ են: Բայց բոլոր դեպքերում Վանաձորում առաջացել է մի իրավիճակ, պատային մի իրադրություն, որը չունի զուտ քաղաքային նշանակություն: Դրա նշանակությունը քաղաքական է և բավական լայն իմաստով, հատկապես, երբ խորհրդարանի ընտրությանը թե՛ «Հայկական վերածնունդ» ը, թե՛ ԲՀԿ-ն մասնակցելու են ընդդիմադիր դիրքերից: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Լուսավոր Հայաստան» ի դիմումի կապակցությամբ հայտարարել է, թե այն չունի օրինական հիմք և կառավարությունը չի կարող ընդունել այն: Մի կողմից դա Վահրամ Բաղդասարյանի որոշակի ակնարկն է կառավարությանը, հատկապես նկատի ունենալով ՀՀԿ ցուցակում Կարեն Կարապետյանի չհայտնվելու հեռանկարը օրենսդրական հիմքի բացակայության պատճառով: Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին հայտնել է, որ Կարեն Կարապետյանը չի լինի ցուցակում, քանի որ չունի մշտական հնգամյա բնակության ցենզ: Տվյալ պարագայում խնդիրը ցուցակում լինել-չլինելը չէ, այլ այն, որ Կարապետյանը թեկուզ այդպիսի հիմքով, բայց տարանջատվում է ՀՀԿ այսպես ասած՝ այս մեծամասնությունից: Եվ դրա ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը փորձում է այդ հանգամանքը հիմք դարձնելով ակնարկել, որ, եթե Կարապետյանը այդքան «օրինապաշտ» է, ապա չպետք է ընդունի նաև Վանաձորի ավագանու լուծարման վերաբերյալ դիմումը: Այսինքն՝ Վահրամ Բաղդասարյանը դրանով իհարկե ոչ թե օրենքի կամ իրավունքի, այլ «յուրային-օտարի» հարց է դնում Կարապետյանի առաջ, ակնարկելով, որ Վանաձորի վերաբերյալ դիմումի հանդեպ կառավարության վերաբերմունքը կդիտարկեն որպես ցուցիչ, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանը զուտ դե յուրե է բացակայելու ՀՀԿ ցուցակից, թե՞ այդուհանդերձ սկսեն «պատերազմը» նրա դեմ: Կազդի՞ այդ շանտաժը Կարեն Կարապետյանի վրա: Մյուս կողմից, տվյալ պարագայում խնդիրը ՀՀԿ-ի համար միայն Կարապետյանին «ստուգելը» չէ, նրա «սև» կամ «կարմիր» լինելը չէ, այլ նաև Վանաձորի խնդիրն ընդհանրապես: Այստեղ ուշագրավ է, որ Բաղդասարյանը նշում է, թե ավագանին լուծարելու դիմումի հիմք կառաջանա հունիսին: Սա հետաքրքրական հանգամանք է, նկատի ունենալով այն, որ մինչ այդ խորհրդարանի ընտրությունը անցած և արդյունքը արձանագրված կլինի: Չի բացառվում, որ այդ ժամանակ Վանաձորի ավագանու «ընդդիմադիր» չորս «սևերը» առավել անկաշկանդ կբացահայտվեն, ստանալով միայն զուտ «անձնական վնասվածքներ», իսկ իրենց քաղաքական ուժերին լուրջ հարված չի սպառնա, քանի որ խորհրդարանի ընտրությունն այլևս անցած կլինի: Կամ էլ ՀՀԿ-ն դիտարկում է տարբերակ, որ Վանաձորում մեծ աղետ չի լինի, եթե լինի նոր ընտրություն, սակայն կրկին խորհրդարանի ընտրությունն անցկացնելուց և իշխանության գլոբալ վերարտադրության հարցը լուծելուց հետո, որպեսզի Վանաձորում հնարավոր նոր ընտրությունը՝ արդեն ունենա ընդգծված տեղային նշանակություն:   Լուսանկարը՝ Photolure-ի