Արամ Կարապետյանը՝ «Ելք» դաշինքո՞ւմ

Արամ Կարապետյանը՝ «Ելք» դաշինքո՞ւմ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերը շարունակում են քննարկումներ անցկացնել դաշինքներով մասնակցելու վերաբերյալ: Դեկտեմբերի 12-ին  երեք կուսակցություններից կազմված «Ելք» դաշինքը, մեր  տեղեկություններով, քաղաքական ուժերի հետ շարունակում է համագործակցության քննարկումներ անցկացնել: Այս ուժերի շարքում է նաև Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցությունը: Մեր տեղեկություններով՝ հիմնական տարաձայնությունն այժմ արտաքին քաղաքական կողմնորոշումն է: Ինչպես հայտնի է՝ «Ելք» դաշինքի անդամ  երկու կուսակցություն՝ «Լուսավոր Հայաստան»-ը և «Հանրապետություն»-ը, արևմտամետ կողմնորոշում ունեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ թեպետ կարծում է, որ ԵՏՄ-ից այժմ դուրս գալը սխալ է, բայց խորհրդարանում դեմ էր քվեարկել այդ կառույցին Հայաստանի անդամակցությանը: Իսկ Արամ Կարապետյանը իր հարցազրույցներում երբեք աչքի չի ընկել արևմտամետ դիրքորոշումներով: Մեզ հետ զրույցում Արամ Կարապետյանը չհերքեց «Ելքի» հետ քննարկումներ անցկացնելու  հանգամանքը: Նրա խոսքով՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկներ լինում են, անցկացնում են քննարկումներ, սակայն  ընտրություններին մասնակցելու վերաբերյալ կուսակցությունը վերջնական դիրքորոշում չունի. «Տարբեր քաղաքական հանդիպումներ և առաջարկներ եղել և լինում են, բայց քանի որոշում չկա մասնակցության մասին, դրանք ուղղակի քննարկումներ են»: Մեր զրուցակիցը հավելեց, որ այժմ «Նոր ժամանակներ» կուսակցությունը քննարկում է ընտրություններին առհասարակ մասնակցելու նպատակահարմարությունը, և երբ  վերջնական որոշում լինի՝ ինքը կպատասխանի  այլ հարցերի ևս: «Նոր ժամանակներ» կուսակցությունը, հավանաբար, վերջնական որոշում կկայացնի փետրվարի սկզբին: