Կարինե Աշուղյան. Հոկտեմբերի 27-ի չբացահայտված լինելու հետևանքը Մարտի 1-ն է

Հոկտեմբերի 27-ը մեր նոր պետականության ամենաողբերգական էջերից է. ամեն տարի այս օրը մենք վերապրում ենք այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ 1999թ.: «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցեց գրող, հրապարակախոս Կարինե Աշուղյանի հետ: -Ի՞նչ փոխվեց Վազգեն Սարգսյանից հետո հասարակական տրամադրությունների մեջ, պետության ոճի մեջ: - Եթե միայն թվերով խոսենք, հենվենք միայն վիճակագրության վրա, ապա բավական է փաստել, արտագաղթի թվերը մինչ 1999թ. Հոկտեմբերի 27-ը ոչ միայն աղետալի չէին, նույնիսկ զարգացած երկրների համար նորմալ թվեր էին դրանք, բայց 99-ի Հոկտեմբերի 27-ից հետո գնալով ահագնացավ արտագաղթը: Հասարակության գիտակցության և նույնիսկ ենթագիտակցության մակարդակում անհուսության, այլևս մեր երկրի հետ հույս չկապելու, իրենց երեխաների ապագան այստեղ չտեսնելու ամենացավոտ և անհերքելի ապացույցներից է սոսկալի արտագաղթի տեմպը: Ավելին՝ մարդիկ, ովքեր բարեկեցիկ են ապրում, անթաքույց է, որ նույիսկ նրանք են ուղիներ փնտրում ամերիկաներում, եվրոպաներում, ռուսաստաններում և անգամ մեր հարևան Վրաստանում հաստատվելու, կարգավիճակ ունենալու և իրենց ունեցվածքը մաս-մաս այնտեղ տանելու համար: - Ինչո՞վ է պայմանավորված արտագաղթի աճը: Սոցիալական պայմաննե՞րը վատացան երկրում: Բայց չէ՞ որ մինչ այդ էլ ցուրտ ու մութ տարիներ էին, շատ ավելի վատ սոցիալական պայմաններ էին: - Ես չգիտեմ որևէ դեպք, երբ պատերազմող ժողովուրդը կուշտ է լինում: Ցուրտ ու մութ տարիներին, որ գերադասում եմ պատերազմի տարիներ կոչել, մենք մի շարք անհաղթահարելի օբյեկտիվ պատճառներով զրկված էինք նյութական տարրական պայմաններից, բայց կարողացանք հաղթել, որովհետև մեր ամբողջ ռեսուրսը ուղղեցինք հաղթանակին, ունեինք այդպիսի տեսլական և գնացինք դեպի այդ հաղթանակը: - Կարո՞ղ ենք ասել, որ մենք 94-95թթ. գիտեինք, որ հաղթել ենք, և սպասում էինք, թե այդ հաղթանակը երբ ենք տեսնելու, և 1999թ. մեզ համար պարզ դարձավ, որ չենք տեսնի այդ հաղթանակը: - Անշուշտ, կարելի է նաև այդպես ձևակերպել: Ժողովուրդը այդ զրկանքներին դիմացավ ազգային բնազդով և այն գիտակցությամբ, որ մենք դա անում ենք հանուն հաղթանակի, որովհետև շատ լավ հասկանում էինք, որ այս պատերազմն այլ բան չէ, Թուրքիայի Ցեղասպանության շարունակությունն է, և Ադրբեջանի ձեռքով է այդ պահին արվում, տարբերություն չկա, իրենց փոքր եղբայրն է: Նրանց նպատակը ոչ թե հողեր վերցնելն է՝ Ղարաբաղն իրենցով անելը, այլ հային վերացնելը: Ժողովուրդը շատ լավ հասկանում էր, որ մեր կռիվը աշխարհագրական թեկուզև սքանչելի տարածքի համար չէ, այլ մեր ապրելու իրավունքի: - Հաղթել ենք, բայց ինչո՞ւ մենք չենք զգում այդ հաղթանակը: Այսինքն՝ հաղթած մարդը պետք է ապրի ավելի ազատ, ավելի բարեկեցիկ, սակայն Հայստանում ազատությունը գնալով ավելի է պակասում, կեղծիքն ավելի է շատանում: - 90-ականների պատերազմական ընթացքից հետո նախկին ԽՍՀՄ տարածքում Հայաստանն ուներ ժողովրդավարության, ազատության կղզյակի համբավ բոլոր չափանիշներով՝ չնայած նյութական զրկանքներին, տնտեսության կաթվածահար վիճակին, երկրաշարժի չհաղթահարված հետևանքներին: Այդ իմաստով մենք առաջատար էինք: Ինչո՞ւ մեր հաղթանակը մեզ ճիշտ հանգրվանի չհասցրեց: Իհարկե, Հոկտեմբերի 27-ից հետո ամեն ինչ փոխվեց: Վազգեն Սարգսյանը ձեռնամուխ էր եղել ներդնելու պատերազմում իր մասնակցությունը, իր հայրենասիրությունը, մարդկանց միավորելու, իր հետևից տանելու զարմանալի միստիկական ուժը, և այդ նույն մղումը արդեն տնտեսության մեջ պետք է բերեր, և առաջին նշաններն այնքան ակնհայտ էին, որ կարծեմ թերահավատ մարդ այլևս չէր մնացել: Իհարկե առաջինը հենց այն մարդիկ էին համոզվել, որ Վազգեն Սարգսյանը մեր տնտեսությունը ոտքի է կանգնեցնելու, ովքեր որ ծրագրեցին այդ ոճիրը: Իհարկե դա ուղղված էր ոչ թե ինչ-որ մարդու կամ կոնկրետ 8 հոգու դեմ, այլ ուղղված էր մեր պետականության դեմ: Տեղի ունեցավ աննախադեպ բան. պետական բարձրագույն մարմնում, Օրենսդիր մարմնում օրը ցերեկով գնդակահարեցին մարդկանց: Դա նույնիսկ դասական իմաստով ահաբեկչություն չէր, որովհետև սովորաբար ահաբեկչության դեպքում նախ պահանջներ են դնում, սակայն այստեղ պահանջները դրեցին այդ մարդկանց սպանելուց հետո, ջարդից հետո: Ակնհայտ էր, որ իրենք էլ գիտեին, որ իրենք միայն բութ գործիք են՝ կատարող: - Այսինքն՝ Ձեր կարծիքով Հոկտեմբերի 27-ն ամբողջովին բացահայտված չէ, կան չբացահայտված ուղղորդողներ, միգուց  է նաև արտաքին ուժեր: - Անշուշտ: Ոչ հատուկ կրթություն է պետք, ոչ էլ խոր վերլուծությունների ունակություն դա հասկանալու համար. դուրս եկեք, հարցրեք Հայաստանի ցանկացած քաղաքացու… Կարծում եմ՝ դա ակնհայտ է: - Փաստորեն, հանցագործությունն ամբողջովին չբացահայտվեց, հանցագործները մնացին անպատիժ, Նաիրի Հունանյանի ոճրախումբը իրեն իրավունք վերապահեց բռնություն գործադրելու մոնոպոլիան պետությանը զուգահեռ ունենալ, և փաստորեն, մենք այս տարի ունեցանք մեկ այլ խումբ, որը նույնպես իրեն իրավունք վերապահեց, բռնություն գործադրելով, պահանջներ դնել մարդկային կյանքերի գնով: Խոսքը վերաբերում է «Սասնա ծռերին»: Արդյո՞ք այդ երևույթի արմատներից մեկը Հոկտեմբերի 27-ի չբացահայտվածությունը չէ: - Հոկտեմբերի 27-ի չբացահայտված լինելու հետևանքներից մեկը Մարտի 1-ն էր: Եվ այդ մարդասպանները շրջում են մեր կողքին, ապրում են որպես մարդասպան, գուցե մեզ հետ շփվում են, և մենք էլ չգիտենք՝ ովքեր են, որովհետև որևէ մեկի անունը չտրվեց: Փաստ է, որ 10 հոգին սպանվել են անպատիժ մնացած մեր հայրենակիցների ձեքով: Հոկտեմբերի 27-ի հետևանքները ես կարող եմ թվարկել ժամերով: «Սասնա ծռեր»-ի գործողությունները մի փոքր այլ կերպ եմ դիտարկում: Իհարկե, ուզեն թե չուզեն, իր տեսակով դա ահաբեկչություն էր: Շատ  ափսոս, որ այդպիսի անհեռանկար, անծրագիր, փակուղային գործողություն են ծրագրել, այդպիսի գործի մեջ են մտել: Այնուամենայնիվ անհասկանալի է, թե իրենք հույսներն ինչի վրա էին դրել: Ես հավաքներ շատ եմ տեսել, բայց այդ օրերի ակամա հավաքների նման բան չեմ տեսել, դա մեր անկման վկայություններից էր, որ տեղից վեր կացողն իրեն իրավունք էր վերապահում ինչ-որ կոչեր անել: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: