Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարող են հանդիպել Համբուրգում. Ջեյմս Ուորլիք

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարող են հանդիպել Համբուրգում. Ջեյմս Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում. «Մենք անհամբերությամբ ենք սպասում, որ Համբուրգում տեղի ունենա երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ շարունակելու համար հակամարտության կարգավորման հիմնական հարցերի շուրջ բանակցությունները։ Մենք մշտական շփումների մեջ ենք նախագահների ու նախարարների հետ, պատրաստ ենք հանդիպումն անցկացնել յուրաքանչյուր պահի»։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի արդյունքներով տարածած հայտարարությունում ընդգծել են Համբուրգում արտգործնախարարների հետ իրենց հանդիպման հնարավորությունը։ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը Համբուրգում անցկացվելու է դեկտեմբերի 8-9-ին։