ՄԻԵԴ-ը Վճռաբեկ դատարանի նախագահի դեմ վճիռ է կայացրել. անդրադարձ է եղել նրա վարքին. Armtimes.com

ՄԻԵԴ-ը Վճռաբեկ դատարանի նախագահի դեմ վճիռ է կայացրել. անդրադարձ է եղել նրա վարքին. Armtimes.com

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Վարդանյանն ու Նուշիկյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ է կայացրել, որտեղ գնահատականներ է տրված տվյալ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գործունեությանը՝ դիմումատուների գործը քննելու ընթացքում: Գործի նախապատմությունն ու ընթացքը «Վարդանյանն ու Նուշիկյանն ընդդեմ Հայաստանի» գործը ՄԻԵԴ-ը ստացել է 2007 թվականին: Այդ ժամանակ Արման Մկրտումյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն է եղել: Դիմումատուները ՄԻԵԴ-ն ներկայացրել են, որ Մկրտումյանը փորձել է Բուզանդի փողոցում իրենց գույքը պահանջող և գործով պատասխանողին պարտադրել, որ հաշտության գան: ՄԻԵԴ են դիմել ՀՀ 3 քաղաքացի՝ Յուրի Վարդանյանը, Շուշանիկ Նանուշյանը, Արտաշես Վարդանյանը: Ըստ վճռի՝ առաջին դիմումատուն պնդում է, որ իրեն ապօրինաբար զրկել են տնից: Դիմումատուներից մեկը նրա կինն է, մյուսը՝ որդին: Յուրի Վարդանյանը 1 միլիոն 48 հազար 97 եվրո է պահանջել որպես նյութական վնասի փոխհատուցում (իր օտարած տան արժեքը): Դատարանին նա ասել է, որ լավագույն լուծումը կլիներ, որ իր հողը վերադարձնեն իրեն, քանի որ հողը դեռ չի հատկացվել այլ մասնավոր անձի: Հայաստանի կառավարությունն էլ պնդել է, որ Վարդանյանի տունը չեն վերադարձնի, այն երբեք էլ իրան չի պատկանել, բացի այդ նրա պահանջած փոխհատուցման գումարը շատ է, քանի որ պետք է փոխհատուցումը հաշվարկել հաշվի առնել օտարման պահի դրությամբ կադաստրային գինը: Կառավարությունը նաև նշել է, որ 54 միլիոն 494 հազար դրամը, որ առաջին դիմումատուն արդեն ստացել է ներպետական վարույթի ժամանակ, համարժեք փոխհատուցում է ցանկացած նյութական և ոչ նյութական վնասի դիմաց: Նախադեպային որոշում Փաստաբան Գևորգ Գյոզալյանն Արման Մկրտումյանի նախագահությամբ նիստերի մասնակցում և նկատում է, որ Մկրտումյանն ունի մարդկանց հաշտության պարտադրելու ոճ: «Այդ վճիռը դրա լավագույն դրսևորումներից է, որն ապացուցում է Մկրտումյանի՝ այն ժամանակ ցուցաբերած շահագրգռվածությունը»,- մեր զրույցում ասաց Գյոզալյանն ու նշեց, որ փաստաբանական գործունեության ընթացքում չի հանդիպել մի դեպքի, որ կոնկրետ դատավորի վերաբերյալ ՄԻԵԴ-ն ընդգծված դիրքորոշում արտահայտի: Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանը, որպես կանոն, դատավորի անունը չի ընդգծում: «Իրեն հարգող ցանկացած պետություն, ամեն ինչ կաներ, որ Մկրտումյանը կամ Պողոսյանը, չանձնավորենք, մեկ ժամ ավելի չմնա այդ բարձրագույն դատական ատյանի ղեկավարի պաշտոնում: Ես կարծում եմ, որ այդ անձը պետք է լինի անբիծ անձնավորություն: Այս վճիռը չեմ կարծում, որ մեծ բեկում կմտցնի, թեև նորմալ իրական պետությունում միանշանակ պետք է բեկում մտցներ, որովհետև, ակնհայտորեն, ցույց է տալիս բարձրագույն դատական իշխանության ղեկավարի ակնհայտ շահագրգռվածությունը գործով»,- նշեց փաստաբանը՝ զարմանք հայտնելով, թե ի՞նչ է նշանակում դատավորի կողմից նիստերը մի քանի անգամ հետաձգելով հաշտություն պարտադրել: