Կարեն Կարապետյանի եվրասիական բեմելը

Կարեն Կարապետյանի եվրասիական բեմելը

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը իրականացնում է իր արտերկրյա առաջին այցը: Առաջին այցը՝ Բելառուս, որտեղ Կարապետյանը կմասնակցի ԵՏՄ վարչապետների հավաքին: Ըստ էության, այնտեղ կայանալու է Հայաստանի նոր վարչապետի բեմելը: Միայն այն, որ դա տեղի է ունենում եվրասիական բեմում, արդեն իսկ առանձնապես մեծ հույսեր չի ներշնչում, որ բեմելը կարող է արդյունավետ լինել Հայաստանի համար: Եվրասիական միությունը Հայաստանի համար վերածվեց տնտեսական մի ճահճի, որը չարդարացրեց այդ միության տնտեսական էֆեկտների մասին հայտարարությունները, որ արվում էին 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո: Փոխարենը՝ Եվրասիական միությունը Հայաստանի տնտեսական քաղաքականության և ընդհանրապես ինքնիշխանության համար դարձավ մի ցանց, որը չտալով Հայաստանին ոչ մի շոշափելի և չափվող առավելություն և հնարավորություն՝ Հայաստանից վերցրել է երրորդ երկրների հետ լիարժեք տնտեսական հարաբերություններ ունենալու շատ կոնկրետ լծակներ: Իր առաջին հեռուստահարցազրույցում Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Եվրասիական միությունը Հայաստանին չի խանգարում ընկերություն անել այլ երկրների հետ, գնալ այլ շուկաներ: Շուկաներ գնալ, իհարկե, չի խանգարում, իսկ ահա ընկերության հանգամանքը, մեղմ ասած, հարաբերական է: Բանն այն է, որ ընկերություն նշանակում է հարաբերությունների լիարժեքություն: Հայաստանը կարող է ապրանք արտահանել այլ շուկաներ, ԵՏՄ-ն դրան չի խոչընդոտում՝ իհարկե, սակայն Հայաստանի տնտեսական քաղաքականությունն այլ երկրների հետ «ընկերության» իմաստով չի կարող սահմանափակվել միայն այլ շուկաներ արտահանելով: Ժամանակակից տնտեսությունը միայն պարզ առքուվաճառք չէ, միայն շուկայական առևտուր չէ, այլ տնտեսական և քաղաքական բաղադրիչների տեխնոլոգիական համադրման բավական հարուստ գործընթաց, որտեղ առաջնային պլան է գալիս երկրի ինքնիշխանությունը և հետո նոր միայն մնացյալ ներդրումային կամ գործընկերային հանգամանքներն ու գործոնները: Եվ այստեղ է, որ Եվրասիական միությունը Հայաստանի համար դառնում է փական: Ընդ որում՝ խնդիրը գեթ այն չէ, որ Հայաստանը շատ հարցերում իր ինքնուրույն գործառույթները հասկանալիորեն զիջել է վերպետական կառույցի, ինչը, բնականաբար, ենթադրվում է նման դեպքերում ցանկացած պետության և միության պարագայում: Խնդիրն այն է, որ Հայաստանն այդ միությանը և՛ անդամակցելիս, և՛ դրանում իր անդամության ընթացքում ինքնիշխան որոշում չի կայացրել՝ անդամակցել է բռնակցումով և անդամություն է իրականացնում ըստ էության լռությամբ՝ չկարողանալով առաջ տանել իր համար կարևոր որևէ խնդիր, չկարողանալով օրակարգային հարց դարձնել իրեն հուզող որևէ երևույթ կամ գործընթաց, որևէ հեռանկար կամ բացթողում: Եվ սա՝ բոլորի աչքի առաջ: Բոլորի աչքի առաջ էր, որ ապրիլյան պատերազմի ձայները դեռ չլռած՝ Հայաստանը ենթարկվեց Եվրասիական միության անդամների նվաստացուցիչ վերաբերմունքին և ոչ միայն կուլ տվեց դա, այլև նույնիսկ հավանության արժանացրեց, և վարչապետ Հովիկ Աբրահամյանը վեր կացավ ու գնաց Երևանից Մոսկվա տեղափոխված նիստին մասնակցելու: Ահա այս ամբողջ անդամության «քեյսով» հանդերձ՝ երբ այսօր Կարեն Կարապետյանը մեկնում է Բելառուս, առաջանում է նվազագույն մի հարց, որը կարևոր ինդիկատոր է լինելու նրա գործունեության խոշոր շրջանակի համատեքստում: Նա կարողանալո՞ւ է Բելառուսում իր եվրասիական բեմելը վերածել Եվրասիական միությունում ինքնիշխան Հայաստանի «բեմելի», կարողանալո՞ւ է նույնքան հստակ և կոնկրետ, ինչպես կառավարության նիստերում իր հանձնարարականներն ու դիտողություններն են, նաև եվրասիական վարչապետների նիստում բարձրացնել Հայաստանի համար կարևոր խնդիրներն ու հարցադրումները: Այսինքն՝ ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ անգամ առավելագույն հարցադրումներ պետք չեն՝ այն իմաստով, որ պետք է դրվի ԵՏՄ-ում Հայաստանի այլևս չլինելու հարցը: Ունակ կլինի՞ նոր վարչապետը դնել գոնե Եվրասիական միությունում Հայաստանի իրապես լինելու, Հայաստան լինելու հարցը` որպես սուբյեկտ, ոչ թե որպես դեկոր: Այնպես, ինչպես իրենց որպես սուբյեկտ պահում են Ղազախստանը, Բելառուսը, և Հայաստանի համեմատ նույնիսկ Ղրղըզստանը: