Այս մոդելով Սերժ Սարգսյանը դատապարտված է հաղթելու, եթե ֆորս մաժոր չլինի. Ալբերտ Բաղդասարյան

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կառավարության նոր անդամներ են դարձել ոչ թե չվարկաբեկված, այլ հասարակությանը անհայտ՝ կոռուպցիոն համակարգի երկրորդ շերտի անձինք: Ալբերտ Բաղդասարյանը բարձրացրեց երկու հարց՝ ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը ստանձնել վարչապետի պաշտոնը՝ ի՞նչ ունի իր մտքում, և երկրորդ՝ ի՞նչ կարող է անել: Ալբերտ Բաղդասարյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանը շատ քիչ բան կարող է անել, որովհետև նա իր թիկունքում չունի իրեն աջակցող ուժ. «Նրա ուժը կարող է լինել ժողովուրդը, որն ունի ակնկալիքներ՝ թեկուզև նա ուղարկվել է Մոսկվայից: Նա կարող է կոռուպցիան վերացնել, եթե ունենար Սերժ Սարգսյանին հավասարազոր կամ ավելի հզոր բազա»: Պուտինյան աջակցությունը դեռևս բավարար չէ հաջողության հասնելու համար՝ կարծում է պարոն Բաղդասարյանը. «Որովհետև Կարեն Կարապետյանը ի վիճակի չէ ազատվելու այնպիսի մարդկանցից, որոնց համար կարող է բարեխոսել Սերժ Սարգսյանը կամ նրա տիկինը: Այսինքն՝ նա համակարգ չի փոխում, այլ ազատվում է կոռուպցիոն որոշ անհատներից: Օրինակ՝ Գագիկ Խաչատրյանից ազատվելը կարող ենք համարել մեծ ձեռքբերում: Սակայն նորմալ Հայաստան կերտելու համար նա պետք է բախվի Սերժ Սարգսյանի, նրա եղբայրների և նրանց շրջապատի կենսական շահերին»: Մեր զրուցակցի կանխատեսմամբ՝ 2017-ի ընտրությունները Հրազդանի նման են լինելու, որովհետև իշխող կուսակցությունը չունի ռեալ ընդդիմադիր այլընտրանք: