Կարեն Կարապետյանի ձեռքը «հրացան» են տվել, որ «կրակի»

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է դատի տալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Առաջին լրատվական»-ը ազատամարտիկից հետաքրքրվեց՝ ի՞նչ նորություն կա այդ գործընթացից, և արդյո՞ք արդեն նախաձեռնվել են դատական գործողություններ: «Հետաքրքիր զարգացումներ եղան, նախ շատ մարդիկ նեղացան, զանգահարեցին, ասացին՝ 15 տարի առաջվա եղած բաներից եք հիմա խոսում: Հիմա այդ փողը մաշվե՞լ է, ի՞նչ է եղել, թալանը պակասել է՞: Ես շատ հասկանալի ասացի, որ 10 տարվա ընթացքում պետության բյուջեն դարձավ 2.5 մլրդ դոլար, 10 տարվա մեջ Ռոբերտ Քոչարյանը շուրջ 5 մլրդ դոլար թալանել է, դա չէր կարող օրինական ճանապարհով լինել: Պետք է հասկանանք, թե դատախազներն ինչ են մտածում այդ ուղղությամբ, մտածում են, թե չէ: Հիմա փոփոխություններ են գնում, ես ծով համբերություն ունեմ, օրեր առաջ նոր վարչապետի քայլերը ողջունեցի, ասացի, որ ունենք կասկածներ, և երբ կառավարությունը կամբողջանա, սկզբունքորեն կարող ենք այդ հարցերը բաձրացնել, տեսնենք՝ վարչապետը եկել է իմիտացիա անելո՞ւ, այս նորանշանակ դատախազը պատրա՞ստ է քրեական գործ բացելու, հասարակությանն ասելու, որ օրինական էր այդ հրաշքը, որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարում, լինելով նախագահ, չունենալով ոչինչ, միանգամից 5 մլրդ-ի տեր է դարձել, այ երբ որ պատասխանը կլսենք, կխոսենք այդ մասին, այնպես որ գործընթացը սկզբունքորեն ուժի մեջ է, սպասենք, տեսնենք ինչ կլինի»,- պարզաբանեց ազատամարտիկը: Պաշտոնանկությունների հերթը կհասնի՞ նաև մարզպետներին. նրանք այն մարդիկ են, որոնք ընտրությունների ժամանակ մեծ աջակցություն են բերել իշխանություններին: Այս հարցին ի պատասխան՝ Ս. Սարգսյանը նշեց.«Ես մտածում եմ, որ Կարեն Կարապետյանի ձեռքը «հրացան» են տվել, ասել են՝ «կրակի», մաքրի: Թող մաքրի, ի սեր Աստծո, բայց հասկանա, որ չպիտի մաքրի այս թշնամական մոտեցմամբ մարդկանց վերարտադրվելու ճանապարհը, այլ պետք է մաքրի արժանապատվության ճանապարհը, երկրի ճանապարհը, որպեսզի առաջ գնանք»: Երբ որ կառավարությունը ձևավորվի, այս հարցադրումներով ես կգնամ կառավարության դիմաց կկանգնեմ և կսպասեմ, թե երբ է վարչապետը պատասխան տալու: Ես հավատում եմ, որ Կարեն Կարապետյանն ուզում է բարի գործ անել,- նշեց ազատամարտիկը: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը փակուղային վիճակում է, և երկիրն իսկապես վտանգի եզրին է: Մանրամասները՝ տեսանյութում: