Հանրահավաքը՝ որպես քաղաքական պայքարի տարբերակ, կարելի է սպառված համարել. Հակոբ Բադալյան

«Կարծում եմ՝ Հայաստանում հանրահավաքային շարժումը կամ մեթոդաբանությունը վերածվել է քաղաքականությամբ զբաղվելու, քաղաքական գործունեության իմիտացիոն ինչ-որ տարբերակի, որովհետև ակնհայտ է այդ մեթոդաբանության սպառվածությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ գնահատելով Հայաստանում հանրահավաքային պայքարի ձևը: Իսկ այն հանգամանքը, որ քաղաքական ուժերը համառորեն չեն հրաժարվում պայքարի այդ մեթոդից, Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ուրեմն այդ ուժերը կա՛մ զբաղված են քաղաքական գործունեության իմիտացիայով, կա՛մ բավական սնանկ են այդ գործիքակազմի մասին պատկերացումները: Նրա խոսքով՝ այդ կերպ միշտ կարելի է մեղադրել հասարակությանը հանրահավաքներին ակտիվորեն չմասնակցելու համար. «Այսինքն՝ դա մի տարբերակ է, երբ միշտ պատասխանատվության առանցքային բաժինը կարելի է հղում անել հասարակությանը, թե՝ հասարակությունը չի գալիս և չի մասնակցում»: Հակոբ Բադալյանի կարծիքով՝ քաղաքական ուժերը խնդիր ունեն շոշափելու հասարակական տրամադրությունները. «Տպավորություն կա, որ մեր քաղաքական ուժերը գիտեն միայն հասարակության դժգոհությունը իրավիճակից, բայց մեծ հաշվով չեն ճանաչում հասարակությանը՝ որպես պոտենցիալ և անհրաժեշտ գործընկեր սուբյեկտ»: Քաղաքական մեկնաբանը քաղաքական ուժերի միջև բանավեճերը համարում է քաղաքական վակուումը լցնելու փորձ, հակառակ դեպքում՝ բովանդակային գործունեությամբ զբաղվելու դեպքում, նրանք ուղղակի ժամանակ չէին ունենա այդ բանավեճերով զբաղվելու. «Ի դեպ, այդ ամենից շատ հմտորեն օգտվում է իշխանությունը»: Իսկ «Սասնա ծռեր» շարժման մարումը Հակոբ Բադալյանը պայմանավորում է այն ավանդական խնդրով, երբ ինքնանպաատկ է դառնում որևէ պրոցեսի զանգվածայնությունը. «Ես կարծում եմ՝ ընդհանրապես պետք է դուրս գալ այդ մեթոդաբանության ծուղակից: Քաղաքականության մեջ այդ զանգվածայնությունը պետք է լինի արդյունք և ոչ թե միջոց: Ընդ որում, այդ դեպքում արդեն կարևոր չէ, թե որտեղ է արձագանքում հասարակությունը՝ հրապարակո՞ւմ, թե՞ իրենց տներում»: Ուստի քաղաքական մեկնաբանը չի կարծում, որ քաղաքական ուժերը հաջողության կհասնեն, եթե, իհարկե, արտաքին ուժերի կողմից տեղի չունենան ֆորս-մաժորային իրավիճակներ: