Շիրակի մարզում եղբայրը կտրել է քրոջ հեռախոսին մի քանի անգամ զանգահարած տղայի ականջը

Շիրակի մարզում եղբայրը կտրել է քրոջ հեռախոսին մի քանի անգամ զանգահարած տղայի ականջը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Թադևոսյանի նախագահությամբ ընթանում է Արմեն Հ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի փետրվարի 16-ին, առավոտյան ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում՝ չգործող «Թաք ծառ» ռեստորանի դարպասի դիմաց գտնվող տարածքում Արմեն Հ.-ն Արթուր Տ.-ի կողմից իր քրոջ բջջային հեռախոսին մի քանի անգամ զանգելու պատճառով վիճել է Արթուրի հետ: Արմենը, ըստ մեղադրանքի, «Արթուրին ծնկի է բերել, գրպանից հանել է դանակը, շեղբի մասով մոտեցրել է Արթուր Տ.-ի կզակին, առանձին դաժանությամբ՝ առանձնակի ֆիզիկական և հոգեկան տառապանքներ պատճառելով վերջինիս՝ դանակով կտրել է նրա աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում և պարանոցի կտրած վերք՝ դիտավորությամբ միջին ծանրության վնաս է պատճառել Արթուր Տ.-ի առողջությանը: Արմեն Հ.-ին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ կետերով: Արմեն Հ.-ի խափանման միջոցը կալանավորումն է: Ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արմեն Հ.-ի շահերի պաշտպանի միջնորդությունը՝ կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: