ԵԽԽՎ-ում Ուկրաինայի քվեարկությունը պայմանավորված է Հայաստանի՝ Մոսկվայի արբանյակ լինելու հանգամանքով
22:30 | 2016-01-27
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկված հակահայկական զեկույցների ընդունումը կամ մերժումը ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի հաղթանակն է, այլ Գերմանիայի ջանքերի արդյունքը: Այս կարծիքին է ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ Գերմանիան այս տարի ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը և ձգտում է անել ամեն ինչ հակամարտության գոտիներում նոր էսկալացիայից խուսափելու համար:
«Ակնհայտ է, որ եթե բանաձևն ընդունվեր, դա մեծ հարված կհասցներ ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ ընդհանրապես ԵԱՀԿ-ի հեղինակությանը, ինչն այսօր ձեռնտու չէ Գերմանիային»,- ասաց Գերասիմչուկը:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստին, քվեարկության էին դրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, որը մերժվեց ձայների՝ դեմ 70, կողմ՝ 66 և ձեռնպահ՝ 45 հարաբերակցությամբ, ինչպես նաև Բոսնիայի և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի տարածքների ջրազրկումը Լեռնային Ղարաբաղի կողմից» բանաձևի նախագիծը, որին կողմ քվեարկեցին 98, դեմ՝ 71, ձեռնպահ՝ 40 պատվիրակ: Բանաձևերի ընդումանը կողմ էին քվեարկել Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները, իսպանացիներ, ֆրանսիացիներ, հույներ, սերբեր, բելգիացիներ, այլ երկրների ներկայացուցիչներ: Ուշագրավ է, որ Ուոլթերի և Մարկովիչի զեկույցների ընդունմանը կողմ են քվեարկել Ուկրաինայի և Վրաստանի պատվիրակության բոլոր անդամները:
Մեր զրուցակիցը մասնավորապես Ուկրաինայի դիրքորոշումը բացատրում է մի քանի գործոններով: Դրանցից մեկն այն է, որ Հայաստանն ընկալվում է որպես Ռուսաստանի արբանյակ պետություն, և Կիևը, փաստացի պատերազմի մեջ լինելով Մոսկվայի հետ, աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ուկրաինացիների պատկերացմամբ՝ դեմ են Ռուսաստանի շահերին:
- Պարոն Գերասիմչուկ, ինչո՞ւ ԵԽԽՎ-ն, այնուամենայնիվ, որոշեց դեմ քվեարկել Ռոբերտ Ուոլթերի զեկույցին:
- Պատասխանելով այդ հարցին՝ պետք է հաշվի առնել մի շարք գործոններ: 1) Գերմանիան սկսել է նախագահել ԵԱՀԿ-ում: Գերմանիային առայժմ մեծ հաջողություններ չի հասել՝ որպես այդ կազմակերպության նախագահող, բայց Բեռլինի համար շատ կարևոր է հակամարտության գոտիներում էսկալացիայից խուսափելը: 2) Մինսկի խումբը կոչ էր արել զերծ մնալ Ուոլթերի բանաձևի ընդունումից՝ հաշվի առնելով առնվազն քաղաքական լարվածության վտանգները ընդունման դեպքում:
Ակնհայտ է, որ եթե բանաձևն ընդունվեր, դա մեծ հարված կհասցներ ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ ընդհանրապես ԵԱՀԿ-ի հեղինակությանը, ինչն այսօր ձեռնտու չէ Գերմանիային: Այսպիսով, բանաձևի ձախողումն ավելի շուտ ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի հաղթանակն էր, այլ Բեռլինի գործողությունների արդյունքը՝ պահպանելու ԵԱՀԿ-ի հեղինակությունն ու ստատուս քվոն տարածաշրջանում:
- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ուկրաինացի պատգամավորների քվեարկությունը: Փաստորեն, Ուկրաինայի պատվիրակության բոլոր անդամները կողմ քվեարկեցին ադրբեջանամետ զեկույցի ընդունմանը:
- Ինչ վերաբերում է ուկրաինական խմբի քվեարկությանը՝ այստեղ պետք է նաև հաշվի առնել իրավիճակը Ուկրաինայում: Ուկրաինան երբեք չի ճանաչել ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Մերձդնեստրը, ո՛չ Աբխազիան և ո՛չ էլ Հարավային Օսիան: Ուկրաինայի դիրքորոշումը նույնն է նաև Կոսովոյի հարցում: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ Ուկրաինան միշտ հաշվի է առել վտանգները՝ կապված Ղրիմի հետ: Առավել ևս հիմա Ուկրաինան պնդելու է, որ պահպանվեն միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները: Սա լինելու է Ուկրաինայի առանցքային սկզբունքը միջազգային հարթակներում Ղրիմից և Դոնբասից հետո, և Ուկրաինան աջակցելու է նրանց, ովքեր ճիշտ են միջազգային հանրության տեսանկյունից: Եթե Կիևը փոխի իր դիրքորոշումն այս հարցերում, նրա համար շատ դժվար կլինի շարունակել պահանջել Ղրիմի վերադարձը:
Իր դերն է խաղացել նաև այն հանգամանքը, որ Հայաստանն ավելի հաճախ է սկսել ընկալվել որպես Մոսկվայի արբանյակ: Իսկ Կիևը Մոսկվայի հետ դե ֆակտո պատերազմի վիճակում է: Այդ պատճառով, ենթադրում եմ, մեր պատվիրակները միջազգային հարթակներում մեծամասամբ աջակցելու են այն նախաձեռնությունները, որոնք ձեռնտու չեն Մոսկվային: Ես, իհարկե, համոզված չեմ, բայց ենթադրում եմ, որ եթե որևէ նախաձեռնություն ուղղված է ՌԴ-ի կամ վերջինիս արբանյակների դեմ, ապա կպաշտպանեն այն՝ առանց մանրամասների մեջ խորանալու
- Այսինքն՝ կարելի է ասել, որ իր դերը խաղացել է նաև Հայաստանի պատվիրակության քվեարկությունը ԵԽԽՎ-ում Ղրիմի հարցով, այդպե՞ս է:
- Ես չեմ բացառում այդ տարբերակը, բայց ուզում եմ ընդգծել, որ դա ադրբեջանամետ կամ հակահայկական քվեարկություն չէր: Ավելի շուտ ուկրաինացիները դա ընդունել են որպես անուղղակի միջոց կամ հերթական հնարավորությունը պահանջելու Ղրիմը և ցանկություն դեմարշի ենթարկել ռուսական կողմին: Համոզված եմ, որ եթե Երևանը հանդես գա որևէ նախաձեռնությամբ՝ ուղղված Ռուսաստանին և նրա ախորժակը տարածաշրջանում զսպելուն, ապա նա միանշանակ կարող է հույս ունենալ, որ կստանա Կիևի աջակցությունը: Բայց այն ստվերը, որը Ռուսաստանը, որպես դաշնակից, գցում է Հայաստանի վրա, բացասական դերակատարություն է ունենալու նաև Հայաստանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերություններում:
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
