Թող փայլի Սբ. Էջմիածինն իր առաքելությամբ՝ Աստծուն թարգմանելով մեր մեջ

Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին: Տոնի օրը մատուցվում է Սբ. Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Գ Ձորափորեցին: Սահակ Գ Ձորափորեցին հեղինակ է ծիսական կանոնների և ճառերի, որոնցից նշանավոր է Ծաղկազարդին ձոնված «Ճառ Արմավենեացը»: Նա նաև հայ ամենահայտնի շարականագիրներից է, գրել է շուրջ 60 երգ: Դրանցից «Էջմիածինն ի Հօրէ», «Ուրախ լեր, սուրբ եկեղեցի», «Որ նշանաւ ամենայաղթ», «Ի Ս. Խաչն», «Այսօր ուրախացեալ» հետագայի հեղինակների համար ձեռք են բերել չափանմուշի նշանակություն: «Էջմիածինն ի Հօրէ» շարականը Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է: Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա, ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց: Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի, պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային: Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ. քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սբ. Էջմիածնի Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սբ. Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին: Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքում բազմիցս ավերվել և վերակառուցվել է, այդուհանդերձ, Տաճարի ներկայիս տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին. «Եւ ի չորեցունց սեանցն ի վերայ խաչիցն կամարք զարմանատեսք ի միմեանս կապեցան. եւ ի վերայ այնորիկ տեսի գմբեթաձեւ խորանարդ ամպեղեն շինուած աստուածակերպ զարմանլի…..»: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի Ծիսական բառարանի` «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Ագաթանգեղոսի վկայությամբ կառուցվել է Տրդատ 3-րդ թագավորի և Գրիրգոր Լուսավորիչ կաթողիկոսի օրոք` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (301-303թթ): Վերանորոգման աշխատանքներ իրականացվել են Ներսես Ա և Սահակ Պարթև կաթողիկոսների օրոք: Ղազար Փարպեցու վկայությամբ, Մայրավանքը և այժմ գոյություն ունեցող խաչաձև և կենտրոնակազմ հորինվածքով տաճարը Վահան Մամիկոնյանի 483թ-ին կառուցածն է (բացի գմբեթից): 1654թ-ին Փիլիպոս կաթողիկոսը սկսեց արևմտյան ճակատին կից զանգակատան շինարարությունը, որն ավարտվեց Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի օրոք: Մայրավանքի որմնանկարները վերանորոգվել են 18-րդ դարում: 1955թ-ին տաճարի դրսի և ներսի կողմերից խոշոր շինարարական աշխատանքներ է ծավալել Վազգեն Ա կաթողիկոսը: Մայր տաճարի վերանորոգման հանձնաժողովի կազմի մեջ են եղել նաև Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Մարտիրոս Սարյանը, Ռաֆայել Իսրայելյանը: Ըստ ազգային ավանդության` Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյ նահապետը այդտեղ է սեղան կանգնեցրել և գոհունակության պատարագ մատուցել: Էջմիածնի Մայր տաճարի Ավագ խորանում Գրիգոր Ա Լուսավորիչը սեղան է կանգնեցրել և օծել Շողակաթ սուրբ Աստվածածին անունով: Մինչև XV դարը Էջմիածնի Մայր տաճարը հայտնի է եղել Վաղարշապատի Սուրբ Կաթողիկե եկեղեցի, Շողակաթ Սուրբ Աստվածածին եկեղեցի անուններով: «Էջմիածին» անունը տաճարի համար առաջին անգամ կիրառել է Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը` XIII դ.-ում: Էջմիածնի Մայր տաճարում են պահվում Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբությունները` սուրբ Գեղարդը, Թադեոս առաքյալի Աջը, Գետարգելի սուրբ Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, սուրբ Հռիփսիմեի և սուրբ Գայանեի մասունքները, սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, սուրբ Արիստակես Ա Պարթևի Աջը, սուրբ Գևորգ Զորավարի, սուրբ Նիկողայոս Հրաշագործի մասունքները: Մայր տաճարը, ի սկզբանե լինելով գմբեթավոր, աշխարհում առաջին գմբեթավոր եկեղեցին է: Մայր տաճարի խաչաձև-կենտրոնագմբեթ, քառամույթ, քառախորան այս հորինվածքը հայկական եկեղեցական ճարտարապետության մեծ ավանդն է ողջ քրիստոնեության ճարտարապետության մեջ: Մայրավանքի նմանությամբ կամ «էջմիածնատիպ» կառույցները Եվրոպայում տարածվեցին 8-9 դդ-ում : Էջմիածին-Բագարան տիպին են պատկանում Սեն Շապելը, Սեն-Ֆիլիբեր դը Գրանլյո եկեղեցին (Ֆրանսիա), Սեն-Բազիլ դղյակային մատուռը (Բելգիա) և Միլանի Սան Սատիրոն (Իտալիա): Աղբյուրը՝ Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան Ղազար Փարպեցի, «Հայոց պատմություն» Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն» Մաղաքիա Օրմանյան, «Ծիսական բառարան»