Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»

Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին շնորհակալական նամակ է հղել՝ ի պատասխան Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ նրանից ստացած շնորհավորանքների։ Թեև Վաշինգտոնի արձագանքը ստացվել է երկշաբաթյա ուշացումով, Թբիլիսիում համարել են, որ դեմոկրատական վարչակազմի պատճառով երկկողմ հարաբերություններում առաջացած բարդությունները «մնացել են անցյալում, և բարեկամության նոր էջը բոլոր նախորդներից ամենալավը կլինի»։ Վրաստանի խորհրդարանի իշխանական պատգամավոր Գուրամ Մաճարիշվիլին կարևորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին արված հրավերը, որի շրջանակներում նա հուլիսի 17-ին Վաշինգտոնում մասնակցել է «Քաղաքական ահաբեկչության վերսկսման մասին» խորագրով նախարարական հանդիպմանը և ելույթ ունեցել։ Բոճորիշվլին «քաղաքական ահաբեկչության» դրսեւորում է գնահատել Վրաստանի «արմատական խմբավորումների» գործողությունները, որ ուղղված են «պետական ինստիտուտների, այդ թվում՝ դատական և ընտրական համակարգի հեղինակազրկմանը»։ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին գործող իշխանություններին մեղադրել է «դիվանագիտական արարողակարգ չիմանալու» մեջ։ Նրա գնահատմամբ՝ «նման նամակներ ԱՄՆ-ը միշտ է հղում այն երկրներին, որ անկախության տոնի առթիվ շնորհավորում» են։ Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Լաշա Պարուլավան համոզված է, որ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները կկարգավորվեն, երբ Թբիլիսիում «իշխանության հակառակորդները բանտերից ազատ կարձակվեն, կձևավորվի ընտրություն կատարելու համար անհրաժեշտ միջավայր»։ Անցյալ ամիս ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությունը եռօրյա այցով գտնվել է Թբիլիսիում, հանդիպումներ և քննարկումներ ունեցել ինչպես վարչապետ Կոբախիձեի և կառավարության առանցքային անդամների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների և Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Շիո Երրորդի հետ։ Ամերիկյան դիվանագետների այցից կարճ ժամանակ հետո Վրաստանի կառավարությունը Անակլիա նավահանգստի և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումը վերցրել է իր վրա՝ չեղյալ ճանաչելով չինական ընկերության հետ ավելի վաղ կնքած համաձայնագիրը։ Իր տարբերություն Եվրամիության, ԱՄՆ-ը Վրաստանի իշխանությունների առջև ընդգծված նախապայմաններ չի առաջադրել։ Այդուհանդերձ, քաղաքագետ Նինո Սկվորցովան տեսակետ է հայտնել, որ «Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների պայմաններում «Վրացական երազանքը» պատրաստ չէ կտրուկ փոխել ձեւավորված դիրքորոշումը»։ Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունը «չի գնա այնպիսի քայլերի, որ կարող են խաթարել ներքին կայունությունը և երկիրը ներքաշել տարածաշրջանային դիմակայության մեջ»։ Վաշինգտոնը Թբիլիսիին որևէ սկզբունքային առաջարկություն արե՞լ է, որի ընդունումը կարող է Վրաստանը «ներքաշել տարածաշրջանային դիմակայության մեջ», մնում է միայն ենթադրել։ Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է «Ռուսաստանի ուղղորդմամբ Իրանին օժանդակելու» մեջ։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74