Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:20 | 2026-07-20
«Նկարիչն ինքն է տանում իր խաչը։ Նրան ոչ ոք չի պարտադրում... Նա ինքն է կատարում ընտրություն։ Ու դրա պատասխանատվությունն ամբողջությամբ վերցնելով միայն իր վրա՝ հատուցում է կյանքում մինչև վերջ»։
Հուլիսի 20-ին հայ կերպարվեստի ամենաինքնատիպ ու սիրված վարպետներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի (1928-1975) ծննդյան օրն է։
Երբեմն թվում է, թե Մինասին տրված ժամանակն անարդարացիորեն կարճ էր, բայց նրա թողած հետագիծն այնքան վառ է ու խորը, որ դժվար է հավատալ՝ նրա հասուն ստեղծագործական կյանքը տևել է ընդամենը 15 տարի (1960–1975 թթ.)։ Այս կարճ ժամանակահատվածում նա հասցրել է ստեղծել մի ամբողջ տիեզերք։
Ջաջուռում ծնված պատանին համեմատաբար ուշ սկսեց նկարել։ Տարված լինելով Մարտիրոս Սարյանի արվեստով՝ նա միայն հասուն տարիքում առաջին անգամ հանդիպեց Վարպետին։ Սակայն Մինասի ներքին կայծն արագ բռնկվեց՝ սնվելով հայկական միջնադարյան մանրանկարչության լուռ խորհրդավորությունից և իտալական Վերածննդի կատարելությունից, որին ծանոթացավ Լենինգրադում ուսանելու տարիներին։
Մինասն իրեն դրսևորեց արվեստի գրեթե բոլոր ոլորտներում՝ հաստոցային գեղանկարչություն, գրաֆիկա, բեմանկարչություն ու որմնանկարչություն։ Նրա կտավները յուրահատուկ են իրենց գունային կտրուկ, հանդուգն հակադրություններով։ Այդ գույների մեջ միաժամանակ ապրում են հայրենի գյուղաշխարհի լուսավոր, տաք քնարականությունն ու ներքին, հուզական շեշտերը։ Նրա մի շարք հայտնի աշխատանքներ անդրադառնում են հայ ժողովրդի ցավոտ անցյալին՝ 1915 թվականի Մեծ եղեռնին, որից հրաշքով մազապուրծ էին եղել նաև նկարչի ծնողները։
Մինասն արարում էր անդադար, կարծես զգալով ժամանակի սղությունը։ Իր ստեղծագործական հասուն շրջանում նա վրձնեց շուրջ 500 մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորում։ Իսկ 1970-1974 թվականների ընթացքում Երևանում, Գյումրիում և Վահրամաբերդում նա կերտեց 20 վիթխարի որմնանկար՝ շուրջ 500 քառակուսի մետր ընդհանուր տարածքով. հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
