Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
14:10 | 2026-07-18
Տիեզերքում հաջողությամբ փորձարկվել է փոքրաչափ դյուրակիր ռենտգեն սարք, որը կարող է հեղափոխել տիեզերագնացներին ցուցաբերվող բժշկական օգնությունը երկարատև առաքելությունների ընթացքում,— հայտնում է Space.com-ը։ Մասնագետների գնահատմամբ՝ այս տեխնոլոգիան կարող է զգալիորեն բարելավել բժշկական ծառայությունների հասանելիությունը նաև Երկրի վրա՝ հատկապես հեռավոր գյուղերում, փոքր բնակավայրերում և աղետների գոտիներում։
Մինչ այժմ տիեզերագնացները վնասվածքներն ախտորոշելու համար հիմնականում օգտվել են ուլտրաձայնային սարքերից։ Սակայն ուլտրաձայնային հետազոտությունը միշտ չէ, որ բավարար է ոսկրային վնասվածքները հայտնաբերելու համար։ Ավանդական ռենտգեն սարքերն, իրենց հերթին, չափազանց մեծ ու ծանր են, էներգատար և դժվարությամբ են դիմանում տիեզերանավի արձակման ու վայրէջքի ժամանակ առաջացող գերբեռնվածություններին։
Վերջին տարիներին ստեղծված դյուրակիր ռենտգեն սարքերը, որոնք լայնորեն կիրառվում են Երկրի վրա, հնարավորություն ընձեռեցին այս տեխնոլոգիան փորձարկելու նաև տիեզերական պայմաններում։
Առաջին գործնական փորձարկումն իրականացվել է 2025 թվականի մարտի 31-ին՝ Fram2 մասնավոր տիեզերական առաքելության շրջանակում։ SpaceX Crew Dragon տիեզերանավով Երկրի ուղեծիր մեկնած չորս տիեզերագնացները, որոնք բժշկական կրթություն կամ փորձ չունեին, թռիչքից առաջ անցել էին ընդամենը 4-ժամյա նախապատրաստական դասընթաց։
Ուղեծրում նրանք դյուրակիր ռենտգեն սարքի միջոցով իրականացրել են խելացի ժամացույցի, դաստակի, որովայնի, կոնքի և կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն։ Ստացված պատկերները թվային էին, ինչի շնորհիվ հնարավոր էր դրանք անմիջապես դիտարկել ու գնահատել։
Երկրում երեք անկախ բժշկական փորձագետներ համեմատել են տիեզերքում և Երկրի վրա ստացված պատկերները։ Թեև Երկրի պայմաններում արված ռենտգեն նկարներն ավելի բարձրորակ էին, մասնագետները եզրակացրել են, որ տիեզերքում ստացված պատկերները լիովին բավարար են կոտրվածքներն ու այլ վնասվածքներն ախտորոշելու համար։
Փորձարկումից հետո սարքը նույնպես հաջողությամբ վերադարձել է Երկիր՝ կրելով միայն աննշան արտաքին վնասվածքներ։ Fram2 առաքելության մասնակիցները նշել են, որ այն չափազանց հեշտ էր կիրառել նույնիսկ նվազագույն նախապատրաստությունից հետո։
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
